Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունն (ԻՏՁՄ) այս տարի ևս խրախուսում է տեխնոլոգիական ոլորտի նորաստեղծ, ինչպես նաև դեղագործության, տուրիզմի և գյուղատնտեսության ոլորտների համար թվային նորարար լուծումներ առաջարկող ընկերություններին` սահմանելով նրանց համար ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսի մասնակցության հատուկ պայմաններ: Այս մասին տեղեկացնում են ԻՏՁՄ մամլո ծառայությունից:
ԻՏՁՄ սահմանումով նորաստեղծ ընկերություն է համարվում 2008թ. հոկտեմբերի 1-ից պետական գրանցում ստացած ընկերությունները, որոնց կտրամադրվի աջակցություն հետևյալ կերպ.
- Ցուցահանդեսային տարածքի համաֆինանսավորում (կոնսոլիդացված տաղավարի արժեքի մինչև 83 % համաֆինանսավորմամբ)
- Մարքեթինգային և PR նյութերի գծով աջակցություն
Թիրախային ընկերություններից յուրաքանչյուրին կտրամադրվի 6 ք.մ ցուցահանդեսային տարածք: Դիմումների վերջնաժամկետը սեպտեմբերի 21-ն է: Մասնակցության պայմաններին մանրամասն ծանոթանալու համար անհրաժեշտ է այցելել այստեղ:
Միությունը կտրամադրի նաև մասնագիտական աջակցություն և խորհրդատվություն բոլոր մասնակից ընկերություններին, թե ինչպես պատրաստվել և ներկայանալ ցուցահանդեսին, ներգրավել հաճախորդներին, խթանել վաճառքները և այլն:
Հիշեցնենք, որ այս տարի ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 5-7-ը նոր վայրում` «Երևան Էքսպո» կենտրոնում` Մերգելյան ինստիտուտի տարածքում: Տեխնոլոգիական ցուցահանդեսն ավանդաբար անցկացվում է ՀՀ վարչապետի հովանու ներքո։ Կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը: