Խաղալիքներ արտադրող ամերիկյան հայտնի “Toys ‘Я’ Us” ընկերությունը ներկայացրել է մանկական պլանշետ Tabeo-ն՝ աշխատող Android 4.0 օպերացիոն համակարգով: Այս մասին ընկերությունը հայտնում է իր պաշտոնական հաղորդագրությունում:
Պլանշետը պարունակելու է 50 ծրագիր՝ նախատեսված տարբեր տարիքի երեխաների համար: Դրանց թվում կլինեն խաղեր, գրքեր, դասագրքեր, ինչպես նաև խոհարարություն, լուսանկարչություն և այլ առարկաներ սովորեցնող ծրագրեր:
Tabeo-ն ունենալու է «ծնողների կառավարում» ֆունկցիան: Ծնողները կարող են այնպես կարգավորել պլանշետը, որ փոքր երեխաները չկարողնան օգտագործել այն ծրագրերը, որոնք նախատեսված են ավելի բարձր տարիքի երեխաների համար: Ծնողները կարող են նաև սահմանափակել երեխայի՝ ինտերնետում անցկացման ժամանակը:
Tabeo-ի տեխնիկական պարամետրերն են՝ ARM Cortex A8 պրոցեսոր, 1Գբ օպերատիվ հիշողություն, 4Գբ ներկառուցված հիշողություն, microSD բնիկ, 7դյույմ էկրան՝ 800×480 պիքսել կետայնությամբ, microUSB, micro-HDMI, Wi-Fi, դիմային ֆոտոխցիկ, 6-7 ժամ մարտկոց: Պլանշետը վաճառքի դուրս կգա հոկտեմբերի 21-ին 150 դոլար արժեքով: