Հոկտեմբերի 5-7 կայանալիք ԴիջիԹեք ցուցահանդեսի շրջանակում տեղի կունենա տեխնոլոգիական աշխատանքի տոնավաճառ: Տեխնոլոգիական ոլորտում աշխատել ցանկացողները հնարավորություն կունենան հանդիպել գործատուներին, ծանոթանալ նրանց կողմից առաջարկվող թափուր աշխատատեղերին և ներկայացնել իրենց տվյալները: Այս մասին տեղեկացնում են ԻՏՁՄ մամլո ծառայությունից:
«Ներկայումս տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն ամենաարագ զարգացող ճյուղերից է, ապահովում է կայուն աճ, ամենաբարձր վարձատրվող ոլորտներից է: Ոլորտում առկա է որակյալ աշխատուժի պակաս, և այս բացը լրացնելու նպատակով ցուցահանդեսի շրջանակում արդեն երկրորդ անգամ կազմակերպվում է աշխատանքի տոնավաճառ»,- նշում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Միջոցառման տարածքում տեղադրված կլինեն հանրային համակարգիչներ, պատճենահանման սարքեր CV-ներ և այլ փաստաթղթեր տեղում բազմացման համար, կտրամադրվի մասնագիտական խորհրդատվություն աշխատանքի որոնման, գործատուին ճիշտ ներկայանալու և համապատասխան փաստաթղթեր պատրաստելու հարցում:
Հիշեցնենք, որ 8-րդ ամենամյա միջազգային տեխնոլոգիական ԴիջիԹեք ցուցահանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 5-7-ը, Երևանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտահետազոտական Ինստիտուտի (Մերգելյան) նորաբաց «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում: Կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, գլխավոր գործընկերն է ԱՄՆ ՄԶԳ «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» ծրագիրը, աջակիցը` «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերությունը: ԴիջիԹեքն ավանդաբար անց է կացվում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:
ԴիջիԹեք ցուցահանդեսի ինֆորմացիոն հովանավորներից է ittrend.am-ը: