«ԱրմենՏել»-ը ճանաչվել է էկոլոգիապես ամենապատասխանատու ընկերություն

«ԱրմենՏել»  ընկերությունը ճանաչվել է Հայաստանի էկոլոգիապես ամենապատասխանատու ընկերություն ծառայությունների մատուցման ոլորտում` Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության կողմից կազմակերպված մրցույթի արդյունքներով: ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Արհմիությունների համադաշնության և Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության ներկայացուցիչներից կազմված ժյուրին, գնհատելով ընկերությունների կողմից իրականացվող նախագծերը, «Կանաչ տնտեսություն և կանաչ աշխատատեղեր» մրցույթի առաջին մրցանակը շնորհեց «ԱրմենՏել»  ընկերությանը` «Ծառայություններ մատուցող ընկերություններ» դասում: Նույն դասում մրցանակակիրների եռյակում ընդգրկվել են նաև «Էյչ Էս Բի Սի բանկ Հայաստանը» և «ԱԿԲԱ-Կրդիտ Ագրիկոլ բանկը»: Այս մասին տեղեկացնում են «ԱրմենՏել»-ի մամուլի ծառայությունից:

Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել  Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության կողմից կազմակերպված «Կանաչ տնտեսություն և կանաչ աշխատատեղեր» առաջին կոնֆերանսի ընթացքում: Կոնֆերանսի աշխատանքներին մասնակցել են ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակի ղեկավար Դաֆինա Գերչևան, ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների և էկոլոգիական շարժումների  ներկայացուցիչներ: Մասնակիցները քննարկեցին էկոլոգիայի ոլորտի ներկա իրավիճակը, միջազգային փորձը և ռեսուրսների  արդյունավետ օգտագործման առաջադեմ օրինակները:

Նշենք, որ «Կանաչ տնտեսություն և կանաչ աշխատատեղեր» մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել շուրջ 40 հայկական ընկերություն: