Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ «Սինոփսիս Արմենիա» ընկերությունում տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի հերթական նիստը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության մամլո ծառայությունից:
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը ներկայացրել է ՀՀ-ում ՏՏ ոլորտի վերջին զարգացումները: Մասնավորապես, նշվել է, որ ընթացիկ տարում 2011 թվականի համեմատ աճը կազմում է 25 տոկոս: Այս բնագավառում գործունեություն ծավալող կազմակերպությունների թիվը նախորդ տարվա 281-ի փոխարեն հասել է 350-ի: Եթե 2011-ին ոլորտի շրջանառությունը կազմել է 200 մլն, ապա ակնկալվում է, որ այս տարի այն կհասնի 250 մլն դոլարի: Ենգիբարյանի խոսքով՝ ձեռնարկությունների ընդհանուր շրջանառության մեջ հավասարվել է տեղական և արտասահմանյան կազմակերպությունների կշիռը, ինչը նշանակում է, որ տեղական ընկերությունների շրջանում տեղի են ունենում լուրջ զարգացումներ:
Տեղեկացվել է, որ ներկայում ՏՏ ոլորտի արտադրանքի շուրջ 60 տոկոսն արտահանվում է հիմնականում ԱՄՆ, Հյուսիսային Ամերիկա, բարձրանում է նաև դեպի Եվրոպա արտահանման ծավալը: Ոլորտում նախորդ տարի աշխատել է 6700 մասնագետ, իսկ ընթացիկ տարում այն կանցնի 7800-ի սահմանը՝ ապահովելով 15 տոկոսի աճ: Ենգիբարյանի գնահատմամբ, ՏՏ բնագավառում մեր երկրի մրցակցային առավելությունները մարդկային կադրերն են, հետազոտական և նորարական ծրագրերը, բարձր է գնահատվում նաև պետության մասնակցությունը տարբեր նախագծերում:
«Լուրջ զարգացումներ են սկսվել նաև մարզերում: Գյումրիում իրականացվում է Տեխնոպարկի ծրագիրը, Վանաձորում ևս զարգացման լուրջ ներուժ է առկա: Հայաստանում են տեղակայում իրենց հետազոտական ինստիտուտներն այնպիսի աշխարհահռչակ ընկերություններ, ինչպիսիք են՝ «Մայքրոսոֆթ»-ը, «Դե Լինք»-ը, «Նեյշնլ Ինսթրումենթս»-ը և այլք: Վերջինիս, ՀՀ կառավարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության համագործակցությամբ էլ մեկնարկում է Ազգային ինժեներական լաբորատորիայի ծրագիրը՝ Ճարտարագիտական համալսարանում»,- ասել է ՁԻՀ տնօրենը:
Անդրադառնալով Արցախում ՏՏ բնագավառի զարգացման միտումներին՝ Ենգիբարյանը տեղեկացրել է, որ այնտեղ ամերիկյան կապիտալով բացվել է երրորդ կազմակերպությունը, Տեխնոպարկի ձևավորման համար էլ հատկացվել է համապատասխան տարածք: Ակնկալվում է, որ «Սինոփսիս» և «Թումո» կենտրոնները կտեղակայվեն նաև Արցախում:
Նիստի ընթացքում այնուհետև անդրադարձ է կատարվել «ԱրմԹեք-2012» կոնգրեսի կազմակերչական հարցերին: Նշվել է, որ այն տեղի կունենա 2012թ.-ի դեկտեմբերի 10-11-ին՝ Սիլիկոնյան հովտում: Հատուկ շեշտադրում է կատարվելու համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների հետ համագործակցությանը և նոր գաղափարների մշակմանը: Կոնգրեսին մասնակցելու են հյուրեր՝ ԱՄՆ-ից, եվրոպական և ասիական մի շարք երկրներից, Ավստրալիայից: Ակնկալվում է, որ կոնգրեսի շրջանակում Սիլիկոնյան հովտում կբացվի հայաստանյան ներկայացուցչությունը և Intel ընկերության հետ կկնքվի Հայաստանում կենտրոն հիմնելու վերաբերյալ հուշագիր:
Նիստի ընթացքում քննարկվել են նաև խորհրդի աշխատանքներին վերաբերող ընթացիկ այլ հարցեր: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել նաև «Սինոփսիս Արմենիա» ընկերությունում՝ ծանոթացել վերջինիս զարգացման և ուսումնական ծրագրերին: