Ներկայացնում ենք ձեր ուշադրությանը Microsoft ընկերության հայաստանյան գրասենյակի՝ «Մայքրոսոֆթ Հայաստան»-ի տնօրեն Գրիգոր Բարսեղյանի հետ ittrend.am-ի անցկացրած հարցարզրույցի 2-րդ մասը: Իսկ առաջին մասը՝ ընկերության 2012թ. նորույթների մասին, կարող եք կարդալ այստեղ:
Այս տարի «Մայքրոսոֆթ Հայաստանը» տեղական ՏՏ ոլորտում մեծ ակտիվություն է ցուցաբերել, ինչո՞վ է դա պայմանավորված
— Չեմ կարծում, որ 2012-ը ինչ որ կերպ տարբերվում էր 2011-ից: Միգուցե ավելի շատ ուշադրության ենք արժանացել: Եթե խոսենք 2011-ի գործունեության մասին, ապա այն հատկանշական էր՝ հաշվի առնելով «Մայքրոսոֆթի ինովացիոն կենտրոն»-ի (ՄԻԿ) բացումը: Մենք պարզապես,կատարում ենք այն, ինչ պլանավորել և խոսք ենք տվել երկրին: Հիմնական մեր ներդրումներն ուղղված են կրթական ոլորտի աջակցությանը և եթե անցյալ տարի հիմնական շեշտը դրել էինք միջնակարգ կրթության վրա՝ իրագործելով «Անվտանգ ինտերնետ» նախագիծը, ապա այս տարի ավելի շատ կենտրոնացած ենք բարձրագույն կրթության վրա:
Վերջերս դուք նշել էիք, որ ԵՊՃՀ-ում (Պոլիտեխնիկ) նոյեմբերի սկզբում բացվելու է «Մայքրոսոֆթի ՏՏ ակադեմիա»: Ինչո՞վ է այն առանձնանալու, տարբերվելու ՄԻԿ-ից
— ՄԻԿ-ի հիմնական նպատակն է՝ աջակցել Հայաստանում նոր սթարտափ ընկերությունների ստեղծմանը: Չէ՞ որ գաղափարների իրականացման սթարտափերին անհրաժեշտ է նոր տեխնոլոգիաների գիտելիք, մարկետինգային աջակցություն և մինիմալ պայմաններ՝ տարածք, ինտերնետ կապ, ծրագրային ապահովում: ՄԻԿ-ը ոչ թե բուհին փոխարինող կենտրոն է, այլ վերապատրաստման կենտրոն է:
Ինչ վերաբերում է ՏՏ ակադեմիային. սա բուհական տեխնիկական կրթությանը աջակցություն է: Այն նախատեսված է միայն Պոլիտեխնիկի ուսանողների և դասախոսների համար: ՏՏ ակադեմիան կտրուկ կբարձրացնի կրթական գործընթացների և այսօրվա պահանջների մակարդակը: Հայաստանում կա տարեկան 2000 ՏՏ մասնագետի պահանջարկ, սակայն բուհի շրջանավարտի մակարդակը չի համապատասխանում արդի պահանջարկներին: Կա որակի և արդիականացման խնդիր: Բուհերում սովորեցնում են հին տեխնոլոգիաներ, ոչ արդիական մոտեցումներ, իսկ դասախոսներն էլ մոտիվացիա չունեն հետևելու նոր տեխնոլոգիաներին: Եթե Պոլիտեխնիկում ծրագրավորումից ուսանողը Pascal է սովորել, դա վատ չէ, բայց արդիական չէ, եթե շուկայում Java կամ այլ նոր տեխնոլոգիաներ են պահանջում: Իսկ բուհը պետք է լինի առաջատար: Աշխարհի առաջատար բուհերում ինովացիան բուհից է գալիս, և ոչ թե հակառակը, ինչ մեզ մոտ է:
ՏՏ ակադեմիան կդառնա նաև «Մայքրոսոֆթ»-ի սերտիֆիկացման 3-րդ կենտրոնը: Այստեղ թանկարժեք կուրսերը (ուսումնական ծրագրեր, նյութեր) և քննությունները կլինեն հասանելի սիմվոլիկ վարձով ուսանողների համար՝ ամսեկան 10 000 դրամ: Կլինեն տարբեր կուրսեր՝ 1-ից 6 ամիս տևողությամբ: Բուհն ավարտելով՝ երիտասարդները բացի Պոլիտեխնիկի դիպլոմից, կունենան «Մայքրոսոֆթ»-ի սերտիֆիկատներ:
ՏՏ ակադեմիայի շրջանակում կգործի նաև հետազոտական կենտրոն, ուր ակադեմիայի շրջանավարտները դասախոսների հետ համատեղ կաշխատեն տարբեր նախագծերի շուրջ: Մենք ունենք գործընկերներ, ովքեր պատրաստ են փոքր պատվերներ տեղադրել ՏՏ ակադեմիա: Դա երկկողմանի շահավետ է: Ուսանողը փորձ ձեռք կբերի, իսկ ընկերությունը շատ գումարներ չի ծախսի:
ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը վերջերս հայտնեց, որ այսուհետ արտոնագրված ծրագրային ապահովում է օգտագործելու: ՀՀ պետական մարմիններից որո՞նք են «Մայքրոսոֆթ»-ի արտոնագրված ծրագրեր օգտագործում: Ինչպիսի՞ն է համագործակցությունը
— ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթ»-ի միջև 2007-ին ստորագրվել է համաձայնագիր, որով կողմերը ստանձնել են պարտավորություններ վերցնել: «Մայքրոսոֆթ»-ի անունից անձամբ հիմնադիր Բիլ Գեյթսն է ստորագրել: Այս պայմանագրով «Մայքրոսոֆթ»-ը պարտավորվում էր զբաղվել իր արտադրանքների տեղայնացմամբ, որն այսօր մենք տեսնում ենք, նպաստել կրթական ոլորտին, որի մասին վերոհիշյալ հարցերում նշեցի:
Իսկ ՀՀ կառավարությունը ստանձնել է պարտավորություն մեզ հետ համատեղ աշխատելու Հայաստանում հեղինակային իրավունքի պաշտպանության խնդիրների շուրջ: Մենք չենք տեսնում այն առաջընթացը, որը որ կցանկանայինք տեսնել, սակայն, իհարկե, առաջընթաց կա՝ համեմատած 4 տարի առաջվա հետ: Հեղինակային իրավունքը ոչ միայն լիցենզավորման խնդիրն է, այլև մենթալիտետի, միջավայրի խնդիրն է: Մենք ասում ենք, որ մեր ներուժը մարդիկ են և որ ուզում ենք կառուցել գիտելիքահեն տնտեսություն: Սակայն ժամանակ չունենալով լուծել հեղինակային իրավունքի խնդիրը, մենք այդ տնտեսությունը չեն կարող կառուցել, որովհետև տնտեսությունը հիմնված է մարդկանց ստեղծագործ աշխատանքի, մտավոր սեկտորի վրա, որը պաշտպանված չէ Հայաստանում: Եթե հեղինակային իրավունքը չի պաշտպանվում, ապա ոչ մի մեծ ներդրող չի ցանկանա ներդրում կատարել Հայաստանում և մեծ ռիսկի ենթարկել իր մտավոր սեփականությունը:
Վերոհիշյալ պայմանագրով ՀՀ կառավարությունը պարտավորվում էր նաև աշխատել արտոնագրված ծրագրային ապահովմամբ: Կոնկրետ ժամկետներ չէին դրվել այս հարցում: Էկոնոմիկայի նախարարությունը կնքեց մեզ հետ համաձայնագիր և սա կարելի է համարել համակարգված մոտեցման առաջին քայլ, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ մտավոր սեփականության գործակալությունը հենց այս նախարարության ներքո է գործում: Մնում է հուսալ, որ այլ պետական մարմիններ կհետևեն էկոնոմիկայի նախարարության օրինակին: Ամենակարևորն այս հարցում պետության օրինակն է:
Սակայն պետք չէ կարծել, որ ՀՀ պետական մարմինները միայն պիրատական ԾԱ են օգտագործում: Կատարվում են բազմաթիվ պետական գնումներ: Շատ դեպքերում նոութբուքերն արդեն համալրված են լինեում արտոնագրված ծրագրային ապահովմամբ:
Հայաստանում համակարգիչ օգտագործողների մեծամասնությունը ոչ արտոնագրված Windows է օգտագործում: Ինչպիսի՞ վերահսկում է իրականացվում «Մայքրոսոֆթ»-ի կողմից այս հարցում: Կա՞ն տուգանքներ
— Գովազդով զբաղվել ենք: Շատ հետաքրքիր հեռուստագովազդ եղել է եթերում: Լուծումները շատ պարզ են իրականում: Այսօր տեղական շուկայում սեղանի համակարգիչներն արդեն մրցունակ չեն թե՛ գնային, թե՛ որակական իմաստով: Իսկ ներմուծվող նոութբուքերի մեծ մասը գալիս է արտոնագրված Windows-ով և արժեքով չի տարվերվում սովորական համակարգիչներից:
Պետք է կրկին նշեմ, որ ոչ արտոնագրված Windows-ի օգտագործումը նաև մենթալիտետի խնդիր է: Սակայն իրականում մենք առաջարկում են մի շարք տարբերակներ՝ սկսած սովորական տան օգտագործողից մինչև բիզնեսին ուղղված ԾԱ: Եթե ձեր համակարգիչը հզոր չէ, կարելի է օգտագործել Windows Starter տարբերակը, որը արժեքը ընդամենը 24 000 դրամ է՝ ներառյալ Office փաթեթի starter տարբերակը և հակավիրուսը: Մեզ մոտ պոպուլյար է դարձել վճարելը հակավիրուսի համար 10 000-ից 15 000 դրամ: Կարելի է ասել մեր առաջարկը շուկայում թանկ չէ՝ 24 000 դրամ անվերջ հակավիրուսով: Կրթական ոլորտի համար մեր ԾԱ-ն գրեթե անվճար է: Մենք ունենք լուծում ցանկացած բիզնես սեգմենտի համար: Բիզնեսի համար, բնականաբար, ավելի թանկ արժե:
Եթե խոսենք վերահսկման մասին, ապա ՀՀ օրենսդրությունում մի հատ հակասություն կա: Հեղինակային իրավունքի խախտումը պատժվում է քրեական օրենսգրքով՝ մինչև 2 տարի ազատազրկում: Օրինակ, եթե դուք ասեք, որ պիրատական Windows եք օգտագործում և Ոստիկանության համապատասխան 6-րդ վարչությունն իմանա այդ մասին, ապա ձեզ կարող են ձերբակալել և եթե պարզեն, որ 200 000 դրամից գերազանցում է ձեր խախտումը, ապա քրեական պատասխանատվության կենթարկվեք: Իսկ միայն Office Professional-ի շուկայական արժեքը մոտ 500-600 դոլար է և եթե Adobe-ի ծրագրերից էլ ունենաք ձեր համակարգչում, պատկերացրեք, թե ինչպես կգերազանցի 200 000 դրամը:
Մյուս կողմից էլ, տեսնում ենք, որ Հայաստանում 87% պիրատություն է: Նշանակում է , որ բոլոր համակարգիչ օգտագործողների 87%-ը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության: Իրականում, պիրատությունից տուժում է ոչ միայն «Մայքրոսոֆթ»-ը, այլև պետությունը, քանի որ արժեքի 30%-ը պետական բյուջե պետք է գնա:
Մենք կարծում ենք, որ ոչ թե քրեական պատասխանատվություն պետք է կիրառել, այլ քաղաքացիական: Հայաստանում մեր շահերը պաշտպանում է BSA ընկերությունը և արդեն մեկ անգամ դատական դեպք գրանցվել է: «Բրաբիոն ֆլորա սերվիս» ընկերության հետ դատական գործում «Մայքրոսոֆթ»-ը հաղթել է: Նրանք պարտավորվեցին վճարել փոխհատուցում: Կարծում ենք քրեական պատասխանատվությունը կարելի է կիրառել միայն չարամիտ գործողությունների դեպքում: Օրինակ, եթե ոչ արտոնագրված ԾԱ-ով սկավառակներ են ձայնագրել և տարածել:
Պետք է նշեմ, որ մենք մշտապես իրազեկում ենք ընկերություններ, նամակներ ենք ուղարկում, բանակցում ենք, պատմում արտոնագրված ԾԱ- առավելությունների մասին, հրավիրում տարբեր սեմինարների: