Երևանի հանրային տրանսպորտի խնդիրների նորարար լուծումները. Սարգիս Մանուկյան (հարցազրույց)

Երևանի քաղաքապետարանին կից գործող «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնը» 2011-ից իրականացնում է մի շարք նորարարական ծրագրեր: Երևանի Wi Fi կապով հագեցած վայրերի, հանրային տրանսպորտի էլեկտրոնային չվացուցակների և այլ նախագծերի մասին ittrend.am-ը զրուցել է ԵՔԿՏԿ տնօրեն Սարգիս Մանուկյանի հետ:

— Պարոն Մանուկյան, 2011-ին ԵՔԿՏԿ-ն մեկնարկել էլ մայրաքաղաքում հանրային տրանսպորտի ժամանակացույցը վերահսկող նախագծի՝ էլեկտրոնային չվացուցակների ներդրման պիլոտային փուլը: Ի՞նչ փուլում է գտնվում այս գործընթացը, չէ՞ որ 2012-ն իր ավարտին է մոտենում:

— Անցյալ տարի մեկնարկած պիլոտային փուլի ժամանակ օգտագործվել էր էլ.չվացուցակների լուսադիոդային տեխնոլոգիան, որը մեծ ծախս էր քաղաքապետարանի համար: Մենք ուսումնասիրել ենք մոտ 30-50 քաղաքների փորձ: Գրեթե բոլոր երկրներում օգտագործվում է մոնիտորների հենց լուսադիոդային տեխնոլոգիան, որոնցում միայն թվերի և տառերի տեսքով է երևում, թե երբ կժամանի ավտոբուսը: Իսկ տեխնոլոգիան փոխելով, մենք հնարավորություն ունեցանք ներդրումային առաջարկ կազմել, որտեղ ներդրողը կունենա նաև շահույթ և այդ ծախսերը կհանի:

Այժմ իրականացնում ենք էլեկտրոնային չվացուցակների ներդրման պիլոտային 2-րդ փուլը: Մեր նորարարությունն այս նախագծում կլինի այն, որ նախատեսում ենք զուգահեռ ցուցադրել քարտեզ, որը կօգնի բնակչին կողմնորոշվել նաև տեղանքում: Քաղաքացին կտեսնի, թե որտեղից է երթուղու սկզբնակետը, ինչ երթուղով է այն գնում, ինչպես նաև՝ մոտակայքում ինչ դեղատներ կամ հիվանդանոցներ կան: Այժմ իրականացնում ենք կարգավորման պիլոտային փուլը, քանի որ outdoor սարքերը պետք է հարմարեցնենք Հայաստանայան պայմաններին: Նախատեսում ենք մոտ 10-20 օրվա ընթացքում ամբողջ Մաշտոցի պողոտայում տեղադրել նոր էլ. չվացուցակները:

— Քանի՞ ավտոբուս եք ներգրավելու այս փուլում: Արդյո՞ք բոլոր ավտոբուսները հագեցած են GPS համակարգով:

— Այս պահին 22 և 32 համարի ավտոբուսներում փորձնական տեղադրված են GPS համակարգերը, այս պահին տեղադրում ենք նաև 1 համարի երթուղում: Պիլոտային օրինակը նախատեսված է 50 ավտոբուսի համար, սակայն ընդհանուր քանակը 450 ավտոբուսի համար է: Սա բավական բարդ տեխնոլոգիա է, այստեղ միավորված են բազմաթիվ տեխնոլոգիական լուծումներ՝ շուրջ 10 մոդուլի ծրագրեր: Բացի GPS-ի տեղադրումից, պետք է այնպես ծրագրավորվի, որ էլ.չվացուցակները ցուցադրեն սոցիալական գովազդ կամ պարզապես գովազդ, հնարավոր լինի ստանալ հաշվետվություն, քարտեզ երևա և մի շարք այլ ֆունկցիաներ հասանելի լինեն:

— Էլեկտրոնային չվացուցակների նախագծի թե՛ պիլոտային փուլի և թե՛ ընդհանուր նախագծի իրականացման համար ի՞նչ ժամկետներ են դրված՝ 1 տարի՞, երկու՞: Ւնչպե՞ս եք պատկերացնում այս նախագծի ներդրումը Երևանի հանրային տրանսպորտի ողջ համակարգում:

— Մենք չենք ցանկանում որ սա մի տարի ձգվի: Նախնական ժամկետը պիլոտային փուլի համար նոյեմբեր ամսվա վերջն է: Կամ գուցե ձգվի, չգիտեմ՝ ինչ խնդիրներ կարող են առաջանալ: Ինչ վերաբերում է տրանսպորտային համակարգին, ապա էլ.չվացուցակները գործելու են միայն ավտոբուսների համար: Երթուղային միկրոավտոբուսները մասնավոր են. սարք տեղադրելը և համաձայնության գալը կարող է լինել օրենսդրական խնդիր:

Ընդհանրապես այս նախագծի շահառու մարմինները 7-ն են՝ չհաշված քաղաքացուն, որն առաջին շահառուն է: Շահառու մարմինները բավական շատ են և բոլորն ուզենալու են, որ նախագիծն աշխատող լինի:

— Թե՛ 2011-ին և թե՛ 2012-ին դուք մեկնարկեցիք, անվանենք այն՝ «Երևանը՝ WiFi քաղաք» ծրագիր, գործարկելով անվճար  անլար WiFi ինտերնետ կապ մայրաքաղաքի այգիներում, տրանսպորտում և այլ վայրերում: Ի՞նչ փուլում են գտնվում այս նախագծերը և ինչպե՞ս եք վերահսկում WiFi-ի մշտական աշխատանքը:

— Այսօր Երևանի 134 ավտոբուսում տեղադրված է WiFi մոդեմը: Դրանց քանակը հասցվելու է մինչև 250-ի: WiFi կանգառների նախագիծը հավանաբար կշարունակենք էլեկտրոնային չվացուցակի նախագծի հետ միասին: Այգիներում WiFi-ի տեղադրումը նույնպես շարունակվում է: Մենք օպերատորների հետ ակտիվորեն քննարկում և ուսումնասիրում ենք բոլոր այն մարդաշատ հանրային վայրերը, ուր կարելի է բնակչությանն ապահովել անվճար անլար ինտերնետով: Որևէ սահմանափակում չունենք, թե քանի վայրում տեղադրել: Մետրոյի կայարաններում ևս գործում է WiFi-ը՝ մինչև 20մբ/վ:

Ինչ վերաբերում է վերահսկմանը, ապա նախատեսվում էր, որ յուրաքանչյուր առավոտ վարորդը պետք է մեկ կոճակ սեղմի, սակայն մեր վարորդներն այնքան մտազբաղ և հոգնած են, որ չեն սեղմում: Բայց այս խնդրի լուծման համար, մեզ Օրանժը տրամադրել է հատուկ գործիք, որը ցույց է տալիս, թե որ սարքն է անջատված: Հենց սարքը անջատվում է, մեզ նամակ է գալիս: Սովորաբար, երբ ավտոբուսն անցնում է մեռած գոտիով, ուր կապ չկա, սարքը անջատվում է և 10 րոպե անց կրկին կապը վերականգնվում է:

WiFi կապի տեղադրման ծրագրերից մյուսը անվճար ինտերնտեով գրադարանների ապահովումն է: Պիլոտային փուլը արդարացրել է իրեն և այժմ Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանն իր 13 մասնաճյուղերով համալրվում է անվճար անլար կապով:

— Պարոն Մանուկյան, 2011-ի Ձեր կենտրոնը մայրաքաղաքի մշակութային շենքերի և հուշարձանների վրա փակցրեց QR կոդեր՝ պարունակող տեղեկություն համապատասխան կոթողի մասին: Այս ծրագիրը շարունակվու՞մ է:

— QR կոդերի տեղադրման ծրագիրը շարունակվում է: Սա հետաքրքիր նորարարություն է, սակայն կիրառությունն այնքան չէ, որքան սպասվում էր: Մենք այժմ նոր կիրառություն ենք մտածել QR կոդերի համար, որը նույնիսկ ծախս չի պահանջում: Մտադիր ենք էլեկտրոնային չվացուցակների անկյունում տեղակայել նաև QR կոդ: Քաղաքացին կարող է այն մեկ անգամ լուսանկարել սմարթֆոնով և միշտ իր հեռախոսում ունենալ տվյալ երթուղու ժամանակացույցը: Տանը գտնվելով՝ կարող եք տեսնել, թե ո՞ր մասում է ձեր ավտոբուսը:

Ինչ վերաբերում է «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի» 2013թ. սպասվող ծրագրերին, Սարգիս Մանուկյանը նշեց, որ սպասվում են անակնկալներ: