Հյուսիսային պողոտայում վերջերս տեղադրվեց ինտերակտիվ էկրան: Այն հնարավորություն է տալիս տեսնել Երևանը եռաչափ (3D) պատկերված և տեղեկանալ մայրաքաղաքի մշակութային անցուդարձին: Մշակութային առօրյային ծանոթանալու համար բավական է կանգնել էկրանի առջև ու ձեռքը շարժել համապատասխան մշակութային կենտրոնի ուղղությամբ: Սարքը հասկանում է ձեռքի շարժումը և բացում տվյալ կենտրոնի օրվա իրադարձությունները:
«Երևան 3D» նախագծի հեղինակն է «Լոկատոր» ընկերությունը: Նախագիծն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ: Նախատեսվում է համակարգում ներդնել անգլերեն և ռուսերերն տարբերակները, ինչպես նաև ավելացնել Երևանի վերաբերյալ այլ հետաքրքիր տեղեկություններ, որոնք կհետաքրքրեն ոչ միայն հայերին, այլև զբողաշրջիկներին: Այս մասին տեղեկացնում են «Լոկատոր»-ի մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ «Երևան 3D» նախագծի հիմնական նպատակն է Հայաստանի քաղաքների և նրա հարակից շրջանների եռաչափ մոդելավորումը Google Earth համակարգում: Այս պահին Google Earth է վերբեռնված է Երևանի 1500 շենք: Մոտ 3 ամսից ամբողջապես պատրաստ կլինի Երևանի եռաչափ մոդելը: Մայրաքաղաքի եռաչափ մոդելավորումից հետո կիրականացվի նաև Գյումրիի և Վանաձորի եռաչափ պատկերումը: