Դեկտեմբերի 10-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Սթենֆորդի համալսարանում կմասնակցի «ArmTech Congress»-ի լիագումար նիստին և հանդես կգա ելույթով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության մամլո ծառայությունից:
Կառավարության ղեկավարը կայցելի «Plug and Play» համակարգչային ընկերությունների ինկուբատոր, որտեղ ներկա կգտնվի Հայաստանի ՏՏ ներկայացուցչական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը և Հայաստանում վենչուրային հիմնադրամի ստեղծման մասին հուշագրի ստորագրմանը: Նախատեսվում է նաև «Intel» ընկերության կողմից Հայաստանում գիտահետազոտական կենտրոն հիմնելու մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրում, Տիգրան Սարգսյանի այցը IBM ընկերության Ալմադեն հետազոտական կենտրոն և հանդիպում IBM-ի ղեկավարության հետ:
Դեկտեմբերի 11-ին ՀՀ կառավարության ղեկավարը կմեկնի Բոսթոն, որտեղ նախատեսվում է ՀՀ վարչապետի մասնակցությունը Հարվարդի համալսարանի Բելֆեր կենտրոնում կայանալիք սեմինարին: Տիգրան Սարգսյանը կայցելի նաև Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, կհանդիպի տեղի հայ ուսանողների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ: