ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում` Սիլիկոնյան հովտի Փլագ էնդ Փլեյ տեխնոլոգիական կենտրոնում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակության ներկայությամբ պաշտոնապես բացվել է Հայաստանի տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ներկայացուցչական գրասենյակը:
Այնուհետև Փլագ էնդ Փլեյ կենտրոնում տեղի է ունեցել Հայաստանում առաջին վենչուրային հիմնադրամի ստեղծման մասին փոխըմբռման հուշագրի ստորագրությունը: Վենչուրային հիմնադրամը ՏՏ ոլորտում նորաստեղծ կազմակերպություններին հնարավորություն կընձեռի ապահովել ֆինանսական ներդրումների հասանելիություն:
Փաստաթղթերի ստորագրումից հետո պատասխանելով լրագրողների հարցերին և անդրադառնալով «ԱրմԹեք-2012»-ին, Սիլիկոնյան հովտում ՀՀ ներկայացուցչության բացմանն ու հնարավոր ակնկալիքներին՝ ՀՀ կառավարության ղեկավարն ասել է. «Այսօր մենք կարողացանք արձանագրել այն լուրջ նվաճումները, որոնք ունի Հայաստանը ՏՏ ոլորտում: Այստեղ մենք արձանագրեցինք 4 կարևոր միջոցառումներ, մասնավորապես, Փլագ էնդ Փլեյ կենտրոնում բացվեց ՀՀ ներկայացուցչությունը: Սիլիկոնյան հովտում ունենալ այդպիսի ներկայացուցչություն, նշանակում է ունենալ գործիք, որը մասնավոր հատվածին զարգացման հնարավորություն է տալիս: Ներկայացուցչությունն իր աշխատանքները սկսում է բավականին լավ հիմքի վրա: Այդ հիմքը Սիլիկոնյան հովտում գործող հայկական ձեռնարկություններն են, հայկական ներուժը, որը կազմակերպվել է երիտասարդ գործարարների և մասնագետների շնորհիվ: Ստեղծվել է մի ցանց, որը ներառում է 200 փոքր և միջին ընկերություններ՝ հայկական ներուժի մասնակցությամբ»:
Տիգրան Սարգսյանը կարևորել է նաև պետություն-մասնավոր համագործակցության ներքո՝ 50-50 հարաբերակցությամբ վենչուրային հիմնադրամի ստեղծումը, որը ևս կնպաստի ՏՏ բնագավառի զարգ: «Ստորագրվել է նաև Հայաստանում չիպերի արտադրության նոր գործարանի կառուցման հուշագիր: Սա նույնպես ՏՏ ոլորտի զարգացման գործում կարևորագույն քայլ է: Մենք ունենալու ենք ոչ միայն ծրագրավորող ընկերություններ, այլև չիպերի արտադրություն»,- նշել է ՀՀ վարչապետը:
ՀՀ կառավարության ղեկավարն այնուհետև ընդգծել է աշխարհահռչակ «Ինթել» ընկերության հետ հուշագրի ստորագրումը, ինչի արդյունքում ընկերությունը ներկայացված կլինի Հայաստանում՝ մեր երկրում բացելով իր կենտրոնը: Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ Հայաստանում իրենց կենտրոններն ունեն նաև այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են՝ «Մայքրոսոֆթ»-ը և «Դե-լինք»-ը: Վարչապետի կարծիքով՝ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները և ստորագրված փաստաթղթերը նոր թափ են հաղորդելու Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացմանը: