Մեկնարկել է «ATS 2012» ստարթափ ընկերությունների մրցույթը

Նորաստեղծ տեխնոլոգիական ընկերությունների ասոցիացիան և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» ծրագիրը («Ի-Դի-Էմ-Սի») հայտարարում են «ATS 2012» նորաստեղծ ընկերությունների մրցույթի մեկնարկը, որը կամփոփի տարվա ստարտափների գործունեությունը և կհայտարարի տարվա լավագույն նորաստեղծ ՏՀՏ բիզնեսը:

Սա Հայաստանի առաջին մրցանակաբաշխությունն է` պարգևատրելու և խրախուսելու ՏՀՏ ոլորտի  լավագույն նորաստեղծ ընկերություններին: Մրցանակաբաշխությունը կխթանի ստարտափ շարժումը Հայաստանում` համախմբելով տարվա տարբեր մրցույթների ու միջոցառումների մասնակիցներին, ստեղծելով հավելյալ հնարավորություն հանդիպելու և կապեր հաստատելու ներդրողների, գաղափարակից գործարարների ու լավագույն բիզնես մենեջերների հետ:

ATS մրցանակը կտրվի հետևյալ անվանակարգերում՝ Լավագույն B2B (բիզնեսը բիզնեսի համար) լուծում, Լավագույն B2C (բիզնեսը սպառողի համար) / B2G (բիզնեսը կառավարության համար) լուծում և Հանդիսատեսի ընտրություն:

Նախաձեռնությանն աջակցում են Երևան էքսպո կենտրոնը, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, mLAB և Deem Communications ընկերությունները:

Այս մրցանակաբաշխությունը մասնակիցներին հնարավորություն կտա ճանաչում ձեռք բերել, հանդիպել հնարավոր ներդրողների հետ, լուսաբանվել լրատվամիջոցներում և ստանալու հավելյալ ճանաչում, ստանալ Եվրոպայի և Հայաստանի ՏՀՏ ոլորտի ամենամեծ ցուցահանդեսների մասնակցության հրավերներ, գրավել բարձր որակավորում ունեցող նոր աշխատակիցների ուշադրությունը:

Մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել բոլոր հայկական տեխնոլոգիական ընկերությունները կամ համապատասխան ոլորտների տեխնոլոգիական նորարար ծրագրերը, որոնք գործում են ոչ ավել քան 3 տարի և մասնավոր են, գրանցված են կամ գործում են Հայաստանում կամ իրենց թիմում ունեն ազգությամբ առնվազն մեկ հայ, ունեն ոչ ավել քան 30 աշխատող:

Խրախուսվում են հայտեր այն սկսնակ թիմերից և ընկերություններից, որոնք 2012թ.-ին կամ նախորդ տարիներին մասնակցել են հետևյալ մրցույթներին` Armenia Startup Cup, Microsoft Imagine Cup, Smart Solutions for Smart Countries, Armrobotics, STEP Startup Bootcamp, Hackaton, Mobile Hackaton3, Social Innovation Camp [Mardamej], Orange Open Game, Orange Innovation Prize:

Դիմումների վերջնաժամկետն է դեկտեմբերի 19-ը: Հաջորդ փուլ անցած թեկնածուների անունները հայտնի կդառնան դեկտեմբերի 21-ին, իսկ դեկտեմբերի 22-ին կկայան նախագծերի ներկայացում ժյուրիի անդամներին: Մրցանակաբաշխությունը կկայանա դեկտեմբերի 26-ին: Հավելյալ տեղեկությունների և դիմումի հայտաձևի համար խնդրում ենք այցելել www.ats.am: