Հայտնի են «Հեքըթոն[ՅԱՆ] 2012» մցրույթի հաղթողները

Այսօր ամփոփվեց դեկտեմբերի 22-23-ը կայացած «Հեքըթոն[ՅԱՆ] 2012» նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթը, որին մասնակցում էր 36 թիմ: Մրցանակաբաշխության ժամանակ ժյուրին հայտարարեցին բոլոր 7 անվանակարգերի հաղթողներին:

Եվ այսպես «Մայքրոսոֆթ տեխնոլոգիայի հենքով ամենանորարար լուծում» անվանակարգում հաղթող ճանաչվեց Kinect Air Combat թիմի ներկայացրած խաղը, որը Kinect տեխնոլոգիայի միջոցով հնարավորություն է տալիս խաղացողին ստանձնել ռազմական օդաչուի դեր և հաղթահարել օդային տարածքում առկա խնդիրները՝ հակառակորդին ոչնչացնելու նպատակով: Թիմը որպես մրցանակ Microsoft-ի կողմից ստացավ 400 000 դրամ:

«Լավագույն Windows 8 հավելված» ճանաչվեց ApolloSoft թիմի ներկայացրած Shelly խաղը պլանշետների համար: Այս խաղի հերոսը Shelly ձկնիկն է, որը ճանապարհորդում է օվկիանոսում և տարբեր խոչընդոտներ հաղթահարում: Microsoft-ը շնորհեց թիմին 400 000 դրամ մրցանակ:

«Լավագույն Windows phone հավելված» անվանակարգում հաղթող ճանաչվեցին երկու թիմ՝ s.a.k.u. RAI թիմի ինտերակտիվ հավելվածը, որի հիմքում «4 Եղանակ» խաղալիքի գաղափարն է, որը կարելի է կիրառել  ինչպես եղանակի տեսության համար, այնպես էլ, որպես էկրանի հավելված: Իսկ 2-րդ հաղթողն էր  Gardeners թիմի խաղ-ծրագիրը այգեպանի մասին, ով պայքարում է իր այգու վնասատուների դեմ: 2 թիմերը ստացան 400 000 դրամ մրցանակներ Microsoft-ի կողմից:

«Լավագույն Android հավելված» անվանակարգում լավագույնը ճանաչվեցին երկու ծրագիր՝  Virtual Punch ժամանցային խաղը, նախագծված բազմաշերտային իրականության (Augmented reality) տեխնոլոգիայով և  SpiritSpanner, որը “Որտե՞ղ, Ու՞մ հետ, Ի՞նչ էին նրանք անում, Ո՞վ եկավ, Ի՞նչ ասաց” ավանդական խաղի հավելվածային տարբերակն է: «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ»-ի ծրագիր mLab ECA-ի կողմից թիմերն արժանացան 300 000-ական դրամ պարգևի:

«Լավագույն iOS հավելված» անվանակարգում հաղթող չի հայտարարվել: Ժյուրիի անդամների խոսքով այս անվանակարգում լավագույն չի եղել:

«Լավագույն համայնքային լուծում» անվանակարգում հաղթող ճանաչվեցին  mTech թիմն իր առողջական խնդիրների և արտակարգ իրավիճակների դեպքում արագ արձագանքման համար ստեղծված հավելվածով և SaveLife թիմը արյան դոնորների վերաբերյալ հավաստի տեղեկատվություն հավաքագրող, տարածող և արտակարգ իրավիճակների դեպքում արագ արձագանքման համար ստեղծված հավելվածով:

«Լավագույն մեդիա նախագիծ» ճանաչվեց Тweethood թիմն իր Тweethood ծրագրով: Սա մի ծրագիր է, որը կարողանում է GPS-ի միջոցով մի տեղում հավաքել բոլոր  թվիթներն ըստ գեոլոկացիայի: Հանրային լրագրության ակումբի և Knight-Mozilla OpenNews-ի կողմից նրանք նույնպես արժանացան դրամական պարգևի:

Բացի այս ամենից, լավագույն թիմերին ընձեռնվելու է բացառիկ հնարավորություն ներկայացնել իրենց նախագծերը բուլղարական Eleven Accelerator վենչուրային հիմնադրամին, ինչպես նաև կապեր հաստատել պոտենցիալ ներդրողների հետ և ստանալ բիզնես և տեխնոլոգիական աջակցություն/խորհրդատվություն Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի և mLab ECA մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի կողմից:

Խրախուսական մրցանակներ ստացան CyberGates, Appricot, Picture Coning, Hechhock թիմերը «Սորսիո հիմնադրամ»-ի կողմից:

Ժյուրիի անդամներն էին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Եվա Հյուսյանը, Հանրային Լրագրության ակումբի ղեկավար Սեդա Մուրադյանը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, SFL տնօրեն Արսեն Գևոգյան, Մայքրոսոֆթի Հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը, “R&D Arts” Inc. Հայաստանյան գրասենյակից Արտակ Սարոյանը, mLab ECA ծրագրի ղեկավար Մարիամ Դավթյանը և Սորսիո ընկերության նախագահ Հովհաննես Ավոյանը:

Հեքըթոն[ՅԱՆ] 2012-ը կազմակերպվել էր Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի, Մայքրոսոֆթ Ար Էյ-ի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, mLab ECA մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի, Սորսիո ընկերության և Հանրային լրագրութան ակումբի կողմից:

Գործընկերներն էին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալություն, Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչություն, Մերգելյանի անվան Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ, Ռոստելեկոմ ընկերություն: Ծրագրի ինֆորմացիոն աջակիցն էր ittrend.am-ը: