Մի քանի օրից ավարտվում է տեխնոլոգիաներով լի 2012-ը: Հայաստանի ՏՏ ոլորտը այս տարի ևս աչքի ընկավ ոլորտին վերաբերող բազում միջոցառումներով՝ կոնֆերանսներից մինչև բազմատեսակ մրցույթներ:
Ահա բոլոր այն ամենամյա միջոռումները, որոնք այսօր դարձել են Հայաստանի ՏՏ ոլորտի անբաժան մասնիկը:
«ԲարՔեմփ Երևան 2012»՝ Առաջին անգամ այս չկոնֆերանսն անցկացվեց 2009-ին և կարելի է ասել սկիզբ դրեց Հայաստանում նորարար ֆորմատներով միջոցառումների անցկացմանը: «ԲարՔեմփ Երևան»-ը թերևս ամենամեծ միջոցառումն է, որը մի տեղում հավաքում է ՏՏ ոլորտի մասնագետների մեծամասնությանը:
«ԲարՔեմփ Գյումրի»՝ Այս տարի առաջին անգամ անցկացվեց մարզային ԲարՔեմփ Գյումրիում: Կազմերպիչները խոստանում են, որ այն կդառնա ամենամյա:
«Բաց Խաղ»՝ Համակարգչային խաղերի և բջջային հավելվածների նախագծման 2012թ. առաջնությունն այս տարի արքի ընկավ սմարթֆոնների և պլանշետների համար նախագծված ծրագրերի առատությամբ:
«ԴիջիԹեք»՝ Արդեն ավանդական դարձած տարվա ամենախոշոր ցուցահանդեսն այս տարի կրկին անցկացվեց, այս անգամ նոր՝ «Մերգելյան էքսպո կենտրոնում»:
«Վիքիկոնֆերանս 2012»՝ Հայաստանում առաջին անգամ անցկացվեց Վիքիկոնֆերանս՝ կազմակերպված հայկական Վիքի հանրության կողմից: Այսօր Հայերեն Վիքիպեդիայում կա ավելի քան 31 հազ. նյութ: Ընդամենը 1 տարում հայերեն Վիքիպեդիան համալրվել է 15 հազ.-ից ավելի նյութերով:
«Մարդամեջ. Reload»՝ Այս տարի կայացավ 2-րդ սոցիալական նորարարության ճամբարը, որի թեման կոռուպցիայի դեմ պայքարի նորարար լուծումներն էին:
«Հեքըթոն[ՅԱՆ] 2012»՝ Այս տարի Հեքըթոն նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթն աչքի ընկավ բջջային ծրագրերի և խաղերի առատությամբ:
«ATS 2012»՝ Այս տարի «Հեքըթոն[ՅԱՆ] 2012»-ին զուգահեռ առաջին անգամ անցկացվեց Հայաստանի նորաստեղծ ընկերությունների մրցույթ:
«ArmNet Awards 2012» և «ArmNet Կոնֆերանս» ՝ 2012թ. տարվա ամենավերջին նշանակալից միջոցառումներից են նաև «ԱրմՆեթ Կոնֆերանսը» և հայակակն ինտերնետ միջավայարի լավագույն կայքերի մրցույթը՝ «ԱրմՆեթ մրցանակաբաշխությունը»: Մրցույթը խրախուսում է հայկական կայքերի բովանդակային զարգացմանը և նպաստում նոր ընկերությունների ստեղծմանը:
«ArmTech»՝ Այս տարի «ԱրմԹեք» համաժողովն անցկացվեց ԱՄՆ-ում՝ Սիլիկոնյան հովտում՝ կրելով «Սովորելով անցյալից և կերտել ապագան» խորագիրը:
Բացի նոր և ավանդական դարձած միջոցառումներից, Հայաստանի ՏՏ ոլորտը աչքի ընկավ մի շարք այլ կարևոր իրադարձություններով: Մասնավորապես, Երևանում՝ ԵՊՃՀ-ում բացվեց «Մայքրոսոֆթի ՏՏ ակադեմիան»: Այստեղ Ուսանողները ոչ միայն կծանոթանան նոր ժամանակակից տեխնոլոգիաներին, այլև կկարողանան սերտիֆիկացվել «Մայքրոսոֆթ»-ի կողմից:
Մեկ այլ կարևոր նշանակություն ունեցող իրադարձություններից էր ԱՄՆ-ի Սիլիկոնյան Հովտում «Հայաստանի ՏՏ ներկայացուցչության գրասենյակ»-ի բացումը:
Հայաստանում Ինտերնետ օգտագործողները
Այսօր Հայաստանում պաշտոնապես ինտերնետ օգտագործող է համարվում բնակչության 60%-ը: Սակայն հարկ է նշել, որ ինտերնետ հասանելիության արագ աճի տեմպերի հետ զուգահեռ չի աճում ՀՀ քաղաքացիների ինտերնետից օգտվելու կրթության մակարդակը: Հայաստանի ինտերնետ օգտագործողները պարբերաբար դառնում են բազմատեսակ ինտերնետ վիրուսների զոհ:
Հայ-ադրբեջանա/թուրքական կիբերպատերազմները
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս ադրբեջանցի և թուրք հաքերները որևէ առիթ բաց չէին թողնում հարձակվելու հայկական կայքերի վրա: Սակայն տարին բուռն էր մասնավորապես սեպտեմբերին, երբ հայտնի դարձավ, որ Հունգարիայի կառավարությունը Ադրբեջանին է հանձնել ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա, մարդասպան Ռամիլ Սաֆարովին, ով 2004 թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում գիշերը կացնահարել էր քնած Գուրգենի Մարգարյանին: Ադրբեջանի նախագահն էլ իր հերթին ազատ արձակեց մարդասպանին՝ շնորհելով հերոսի կոչում: Այս լուրը ցնցեց ողջ Հայաստանը՝ դառնալով հայկական ինտերնետ միջավայրում ամենաքննարկվող թեման: Ադրբեջանի այս արարքը չէին կարող անտեսել հայկական հաքերային խմբավորումները: Նույն օրը երեկոյան հայ հաքերները սկսեցին գրոհել ադրբեջանական կայքերը՝ տեղադրելով այնտեղ Գուգրեն Մարգարյանի լուսանկարը՝ «Գուրգեն Մարգարյանը միշտ մեզ հետ կլինի» գրությամբ: Ցնցող էին հատկապես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական president.az և ադրբեջանական մի քանի նախարարությունների կայքերին ուղղված հայ հաքերների հարձակումները: Մասնավորապես, այս կիբերպատերազմներում աչքի ընկավ Armenian Cyber Army հայկական հաքերային խմբավորումը:
Երևանը Wi Fi քաղաք
2012-ն աչքի ընկավ նաև Երևանի հանրային վայրերում անլար Wi Fi անվճար ինտերնետի տարածմամբ: Մասնավորապես, այսօր մայրքաղաքի նոր ավտոբուսներում, որոշ կանգառներում, մետրոյի կայարաններում, այգիներում, գրադարաններում, համալսարաններում կարելի է ազատ օգտվել Wi Fi կապից: Երևանը Wi Fi քաղաք դարձնելու ծրագիրը հանդիսանում էր հիմնականում Երևանի քաղաքապետարանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի նախաձեռնությունը՝ ինտերնետ կապի օպերատորների հետ համատեղ:
«Ռոստելեկոմի» մուտքը Հայաստան
Շարունակելով Հայաստանում ինտերնետի թեման, պետք է նշել, որ 2012-ի վերջին ամիսը նշանավորվեց Հայաստանում «Ռոստելեկոմ» ընկերության մուտքով: Վերջինս դարձավ Հայաստանում ինտերնետ կապի և ֆիքսված հեռախոսակապի նոր օպերատոր: «Ռոստելեկոմ»-ը Հայաստանում ներկայացնում է «Ջի-Էն-Սի Ալֆա» ընկերությունը:
«Օրանժ Արմենիա»-ի և «ԱրմենՏել»-ի նոր տնօրենները
2012-ին Հայաստանի երկու խոշոր օպերատորների ղեկավարները փոխվեցին: Սեպտեմբերից «Օրանժ Արմենիա» ընկերության ղեկավարի դերը ստանձնեց «Ֆրանս Տելեկոմ Խմբից» Ֆրանսիս Ժելիբտերը, իսկ «ԱրմենՏել» տնօրեն Իգոր Կլիմկոն հայտնեց ընկերությունը լքելու իր ցանկության մասին: Թե ո՞վ է լինելու «ԱրմենՏել»-ի նոր ղեկավարը, հայտնի կլինի 2013-ին:
MNP (Mobile Number Portability)
2012-ին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վերջապես որոշում ընդունեց այն մասին, որ 2014-ի հունվարի 1-ից Հայաստանում պետք է գործարկվի MNP (Mobile Number Portability) ծառայությունը:
Մեմաստեղծ հայկական ինտերնետ միջավայր
2012-ին ինտերնետ մեմերը մեծ տարածում ստացան նաև Հայկական ինտերնետ միջավայրում: Տարվա նշանավոր մեմերից էին «Դու լրիվ ոնց որ խառնում ես սաղ»-ը, Մաթնաքաշը, «Սիրուն չի Տարոն ջան»-ը և ընդհանրապես Երևանի քաղաքապետարանի կողմից քաղաքի զարդարման սպեցիֆիկ դիզայնը ինտերնետ միջավայրում անընդհատ մեմ էր դառնում՝ կանաչ արջից մինչև ֆլամինգոներ:
Հայաստանի ՏՏ ոլորտը 2012-ին՝ վիճակագրություն
Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի հերթական նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, որ 2012-ին Հայաստանի ՏՏ ոլորտն աճել է 25%-ով: Այս բնագավառում գործունեություն ծավալող կազմակերպությունների թիվը նախորդ տարվա 281-ի փոխարեն հասել է 350-ի: Եթե 2011-ին ոլորտի շրջանառությունը կազմել է 200 մլն, ապա ակնկալվում է, որ այս տարի այն կհասնի 250 մլն դոլարի: ՏՏ ոլորտի արտադրանքի շուրջ 60 տոկոսն արտահանվում է հիմնականում ԱՄՆ, Հյուսիսային Ամերիկա, բարձրանում է նաև դեպի Եվրոպա արտահանման ծավալը: Ոլորտում նախորդ տարի աշխատել է 6700 մասնագետ, իսկ ընթացիկ տարում այն կանցնի 7800-ի սահմանը՝ ապահովելով 15 տոկոսի աճ:
«ԱրմԹեք 2012» համաժողովի շրջանակներում ՀՀ կառավարության և Intel ընկերության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանում գիտահետազոտական կենտրոն հիմնելու մասին:
Բացի դրանից, «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության և ՀՀ կառավարության միջև ստորագրվել է Հայաստանում չիպերի գործարան հիմնելու մասին հուշագիր: ՀՀ կառավարության կողմից հուշագիրը ստորագրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:
ՀՀ վարչապետը «ԱրմԹեք»-ի շրջանակում այցելել է IBM ընկերություն և պայմանավորվածություն է ձեռք բերել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի երկկողմ համագործակցության հնարավորությունները, ներուժն ու հեռանկարները:
ՏՏԶԱԽ նիստի ժամանակ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի նախագահ Բագրատ Ենգիբարյանը նշել էր, որ ակնկալվում է, որ «Սինոփսիս» և «Թումո» կենտրոնները կտեղակայվեն նաև Արցախում: