ArCa համակարգը մեկնարկում է ամբողջովին նոր ծրագրային ապահովում

ArCa վճարահաշվարկային համակարգը գիտակցելով բոլոր այն անհարմարությունները, որոնք ծառայությունների սահմանափակման արդյունքում պատճառում են օգտագործողներին, ձեռնամուխ էր եղել լայնածավալ փոփոխությունների, որոնց ուղղությամբ տարվող աշխատանքները մոտենում են իրենց ավարտին: Մեկնարկում է ամբողջովին նոր ծրագրային հենքին անցման աշխատանքների վերջին` միգրացիայի փուլը: Այս մասին տեղեկացնում են ընկերության մամլո ծառայությունից:

ԱՐՔԱ համակարգում նոր ծրագրային հենքի ներդրմանը նախորդել են մեկ տարուց ավել տևած խոշորածավալ աշխատանքներ, որոնց ընթացքում տեղադրվել են նոր սերվերային հզորություններ, վերազինվել և համալրվել են ենթակառուցվածքային համակարգերը (էլեկտրամատակարարում, հովացման համակարգեր և այլն):  Նոր ծրագրային հենքի ներդրման և տեղայնացման շրջանակներում ընկերությունը սերտորեն համագործակցել է միջազգային վճարային համակարգերի (AmEx, DinersClub, MasterCard, VISA), բանկային ավտոմատացված համակարգեր մշակող ընկերությունների, մասնագիտացված սարքավորումներ (ԱԳՄ, ՊՈՍ տերմինալներ) մատակարարող կազմակերպությունների հետ:

Նոր ծրագրային հենքին անցման նպատակով թեստային միջավայրում (թեստային քարտերով, թեսթային միջավայրում գրացված բանկոմատներով, POS տերմինալներով և այլ հատուկ սարքավորումներով) փորձարկվել են քարտերի թողարկման,  սպասարկման, գործարքների ֆինանսական արդյունքների մշակման և այլ հարակից գործընթացները:

Աշխատանքներին մասնակցել են նաև համակարգի անդամ բանկերի համապատասխան մասնագետները: Նոր ծրագրային հենքին անցման սկզբնական ժամանակաշրջանում չեն բացառվում համակարգի բնականոն աշխատանքի որոշակի խաթարումներ  (այսպես կոչված “անցումային ժամանակահատվածի” հետ կապված խնդիրներ), որոնք անխուսափելի են նմանատիպ խոշորածավալ նախագծերի իրականացման ժամանակ, և մենք ներողություն ենք խնդրում պատճառած հնարավոր անհարմարությունների համար:

Նոր ծրագրային հենքի ներդնումը էականորեն կբարելավի համակարգի աշխատանքը և քարտապանների սպասարկումը, այդ թվում վիրտուալ տիրույթում: