Մարտի 6-ին, ժամը 11:00-ին, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս` «Նոր միջոցառումներ` ուղղված տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը» թեմայով:
Ասուլիսի բանախոսներն էին.
- Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) նախագահ Հովհաննես Ավոյանը
- Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը
2013 թվականը տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների և տեխնոլոգիական հայության համար հագեցած կլինի նոր միջոցառումներով ու ծրագրերով:
«Տեխնոլոգիական հայությանը համախմբելու, մարդկանց ուշադրությունը ոլորտի նկատմամբ սևեռելու և Հայաստանը տեխնոլոգիական զարգացած երկիր դարձնելու նպատակով` այս տարի նախաձեռնում ենք իրականացնել նոր միջոցառումներ տարբեր տարիքային խմբերի համար»,- ասում է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Տեխնոլոգիաների կիրառումն այլ ոլորտներում: Միությունն այս տարի շեշտադրում է հատկապես տեխնոլոգիաների կիրառումն այլ ոլորտներում: Այդ նպատակով կազմակերպվելու է «Բիզնես Ինովացիոն ֆորումը», որը տեղի կունենա նոյեմբերի 8-10-ը Դիլիջանում: Առաջին անգամ կազմակերպվող այս միջոցառման նպատակն է մեկտեղել բարձր տեխնոլոգիական ոլորտի գործարարներին և տեխնոլոգիական ներդրումներով հետաքրքրված այլ ոլորտների ղեկավարներին` ձևավորելով բիզնես հարթակ, որտեղ թեմատիկ քննարկումների, գործարար ներկայացումների, շփումների, ծրագրային ներկայացումների և հանգստի համատեղման միջոցով կձևավորվեն նախադրյալներ բիզնեսի արդյունավետության բարձրացման համար: Միջոցառման ընթացքում արծարծվող հիմնական թեմաներից կլինեն` էֆեկտիվ բիզնեսի կազմակերպման առանձնահատկությունները Հայաստանում, բիզնես միջավայրի բարելավման օրենսդրական, վարչարարական և կազմակերպչական խնդիրները, տեխնոլոգիաների կիրառումը տնտեսության տարբեր ոլորտներում:
Տեխնոլոգիաների կիրառմանն է նվիրված լինելու նաև ամենամյա «ԴիջիԹեք բիզնես ֆորումը, որն էլ կկայանա հունիսի 21-22-ը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում` «Թվային լուծումներ ինովացիոն տնտեսության համար» խորագրով: Ակնկալվում է` ֆորումը կունենա 50 մասնակից կազմակերպություն և ավելի քան 1500 այցելու: Արդեն երկու տարի է, ինչ ֆորումի աջակիցն է «ԱրմենՏել» ընկերությունը:
Կրթություն և ձեռներեցություն: Այս տարի հատուկ ուշադրություն կդարձվի կրթության ոլորտին: Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիաների (ԱՆԵԼ) օրինակով` կստեղծվի լաբորատորիաների համախումբ, որն ուղղված կլինի ծրագրավորման և այլ ՏՀՏ գիտելիքների զարգացմանը: Նախատեսվում է, որ վերոհիշյալ ծրագրերի արդյունքում 2 տարի անց տեխնոլոգիական ոլորտում կարտադրվեն բարձր որակավորմամբ 3000-4000 մասնագետներ:
2013 թվականին ԻՏՁՄ-ն շարունակելու է նաև իր ջանքերն ուղղված տեխնոլոգիական ձեռներեցության խթանմանը: Այս նպատակի իրագործմանն է նվիրված տասնօրյա ամառային «ԴիջիՃամբար» միջոցառումը, որը նախատեսված է նորարարական գաղափարներ ունեցող և դրանք իրականություն դարձնել ցանկացող 18-30 տարեկան երիտասարդների համար: Միջոցառման մեկնարկը կլինի սույն թվականի հուլիս ամսին:
Ռոբոտաշինություն: Առանձին ուշադրություն է դարձվելու հատկապես երիտասարդների ինտեգրմանը ռոբոտաշինության ոլորտ: Այս նպատակով, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հետ համատեղ, նախաձեռնվում են մի շարք մրցույթներ և ծրագրեր: Մասնավորապես, հուլիսին կկայանան «Իրեր տարբերակող ռոբոտ» և «Ական փնտրող ռոբոտ» մրցույթների եզրափակիչ փուլերը, որոնց գրանցումն արդեն սկսվել է, իսկ մայիսին կկայանա «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթի եզրափակիչ փուլը:
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության, Քրոնիմետ բարեգործական հիմնադրամի, Վորլդ Վիժն Հայաստանի և Քաունթերփարթ Ինթերնեշնլ Հայաստանի հետ համագործակցությամբ, այս տարի նախատեսում է ստեղծել ռոբոտաշինության խմբակներ Հայաստանի 50 դպրոցներում և արդեն իսկ նախագծել է ուսումնական խմբակի համար նախատեսված ռոբոտի կոմպլեկտ: Դպրոցական խմբակներում դասընթացները կսկվեն 2013թ.-ի սեպտեմբերից: Ծրագրի շրջանակներում` հունիս-հուլիս ամիսներին, նախատեսվում է նաև համապատասխան դպրոցների ուսուցիչների վերապատրաստում:
Բացի այդ, ոոբոտատեխնիկայի նկատմամբ հետաքրքրության մակարդակը բարձրացնելու նպատակով նախատեսվում է նաև անցկացնել «Ռոբոտներն առօրյայում» գաղափարների մրցույթ-փառատոն: Մարտի 1-ից մինչև հունիսի 1-ը ցանկացողները կարող են գրանցվել, ներկայացնել իրենց գաղափարները, վերածել ինժեներական նախագծերի և ներկայացնել մրցույթի ժյուրիին: Հետագայում կընտրվեն լավագույն 5-8 կոնցեպտներ, որոնց հավաքման նպատակով երիտասարդներին կտրամադրվեն մասեր: Վերջնական արդյունքները կցուցադրվեն ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակներում:
Ռոբոտաշինության զարգացման նպատակով միությունը նախատեսում է ևս մեկ ծրագիր` ռոբոտատեխնիկայի լաբորատորիա, որը տեղակայված կլինի Պոլիտեխնիկ հենակետային վարժարանում: Այն կլինի ընդհանուր ռոբոտատեխնիկայի դասավանդման կենտրոն Երևանի բոլոր դպրոցների աշակերտների, ուսանողների և այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են սովորել ռոբոտատեխնիկա: Լաբորատորիայի շրջանակներում կանցկացվեն սխեմաների նախագծման, ծրագրավորման, մեխանիկայի և մեխատրոնիկայի, կոնտրոլերների ծրագրավորման, սենսորների հետ աշխատանքի և այլ մասնագիտական վարժանքներ: Աշխատանքները նախատեսվում է սկսել 2013թ.-ի մարտի կեսերից:
Ամենամյա միջոցառումներ: Հոկտեմբերի 4-6-ը «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում կկայանա «Տոն տեխնոլոգիական հայության համար» խորագիրը կրող 9-րդ միջազգային տեխնոլոգիական ԴիջիԹեք ցուցահանդեսը: Նախատեսվում է, որ այս տարի ցուցահանդեսը կունենա 26.000 այցելու (անցած տարվա 24.000-ի փոխարեն) և 150 մասնակից ընկերություն (նախորդ տարվա 120-ի փոխարեն):
Դեռևս 4 անգամ տարվա ընթացքում կհամախմբվեն և ոլորտի շահերի պաշտպանությանն ուղղված խնդիրները կքննարկեն, լուծումներ կառաջարկեն տեխնոլոգիական ոլորտի ղեկավարներն ու պետական մարմինների ներկայացուցիչները «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումի շրջանակներում:
Համակարգչային խաղերի և բջջային հավելվածների նախագծման առաջնությունն այս անգամ էլ կկայանա հոկտեմբեր ամսին, որի գրանցումը կսկվի ապրիլի 13-ին: Նախատեսվում է այս տարի առաջնության շրջանակներում ունենալ 50 նախագիծ: Առաջնության համակազմակերպիչն է «Օրանժ Արմենիա» ընկերությունը:
ԻՏՁՄ կողմից համակարգվող միջազգային միջոցառումներ և ծրագրեր
Մարտի 5-ից 9-ը Հայաստանի տեխնոլոգիական ընկերությունները կներկայացնեն «ՀայԹեք Արմենիա» բրենդը Գերմանիայի Հանովեր քաղաքում անցկացվող միջազգային ամենախոշոր թվային CeBIT ամենամյա ցուցահանդեսին: Պատվիրակությունը ղեկավարում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ): Պատվիրակության կազմում են «Ինստիգեյթ», «Լոկատոր», «Իքս-Թեք» ընկերությունները և Նորաստեղծ տեխնոլոգիական ընկերությունների ասոցիացիան:
Այս տարի ևս Միությունը կկազմակերպի և կհամակարգի հայկական տեխնոլոգիական ոլորտի ընկերությունները մասնակցությունը Վրաստանում կայանալիք ամենամյա Տեղեկատվական տեխնոլոգիաների տարածաշրջանային միջոցառմանը (GITI), ինչն էլ կնպաստի Հայաստանի ՏՀՏ ոլորտի առաջխաղացմանը` որպես հուսալի և արդյունավետ միջավայր ներդրողների համար, կապահովի «Made in Armenia» բրենդի առաջխաղացումը և այլն:
Հաջորդ միջազգային համագործակցությունն այս տարի կլինի Հոլանդիայի Էկոնոմիկայի նախարարության CBI նոր ծրագիր շրջանակներում, ինչը հնարավորություն կտա մուտք գործել Եվրոպական Միության, ԱՊՀ և տարածաշրջանային շուկաներ:
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը նախատեսել է նաև ստեղծել հայկական ինժեներական շտեմարան: Այստեղ կընդգրկվեն մասնագետներ սփյուռքից և Հայաստանից, ովքեր կցանկանան մասնակցել հայկական տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը և՛ հենց մեր երկրում և՛ երկրի սահմաններից դուրս:
Նշենք նաև, որ 2013 թվականին միության ուշադրության ներքո կլինեն նաև տեխնոլոգիական ոլորտի շահերի պաշտպանությանը նվիրված մի շարք խնդիրներ, որոնցից են էլեկտրոնային առևտուրը, տեխնոլոգիական ոլորտում պետական տենդերների և գնումների գործընթացները և այլն: Շահերի պաշտպանության ծրագրերի իրականացման գործընթացում միությանն աջակցում է Քաունթերփարթ Ինթերնեշնլ Հայաստանը:
Միության հիմնական գործընկերը տեխնոլոգիական զարգացման գործում հանդիսանում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը: