Ապրիլր 27-ին անցկացվեց «Առողջապահության ու դեղագործության» 12-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որին մասնակցում է նաև «Լոկատոր» ընկերությունը:
Այս անգամ ընկերությունը ներկայացնում է իր “Medical Solutions” համակարգի լուծումները շտապօգնության մեքենաների դիսպետչերիզացիայի համար: Համակարգն իրենից ներկայացնում է ճշգրիտ էլեկտրոնային քարտեզի վրա ավտոմեքենաների աշխարհագրական դիրքի, շարժման ուղղության և արագության որոշում, հասցեի փնտրում, սեփական օբյեկտները /բուժ. հաստատությունները/ քարտեզի վրա տեղադրելու հնարավորություն և այլն:
2011թ. հունիսից «Լոկատոր» ընկերության “Medical Solutions” համակարգը ներդրվել է շտապօգնության մոտ 60 մեքենաների վրա. «Համակարգի ներդրման, ինչպես նաև մեքենաների նորացման շնորհիվ բարելավվել է շտապօգնության աշխատանքը: Այժմ այդ մեքենաներն արձանագրված կանչին մոտենում են միջինում 5-6 րոպեում /վատագույն դեպքում 12 րոպեում/` նախկին 15-25 րոպեի փոխարեն: Արդյունքում մեծացել է մարդկանց կյանքը փրկելու հնարավորությունը, քանի որ այս պարագայում յուրաքանչյուր րոպե թանկ է ու կարող է կյանք արժենալ»,- նշում է «Լոկատոր» ընկերության կոմերցիոն տնօրեն Վլադիմիր Սոֆյանը:
Ընկերության ապագա ծրագրերի մեջ է մտնում ստեղծել համընդհանուր կապ բուժհաստատությունների միջև, ինչի շնորհիվ հիվանդին առաջին օգնություն ցույց տալուց հետո պարզ կլինի, թե կոնկրետ որ հիվանդանոց է անհրաժեշտ նրան տեղափոխել` հաշվի առնելով հիվանդությունը, հիվանդանոցի` համապատասխան սարքավորումներով ապահովված լինելը, համապատասխան բժիշկների այդ պահին ներկա գտնվելը և այլն: