Orange Հիմնադրամի և Վորլդ Վիժն Հայաստանի SMS բարեգործական նախագծի շնորհիվ 15 երեխա վերադարձել է ընտանիք

Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Մեկ տարի առաջ այս օրը Orange Հիմնադրամը և Վորլդ Վիժն Հայաստանը մեկնարկեցին մի նախագիծ, որը թույլ է տալիս Orange-ի բաժանորդներից յուրաքանչյուրին մասնակցել մարդասիրական ծրագրի և աջակցություն ցուցաբերել հայ մանուկների, որոնց ընտանիքները ֆինանսական դժվարությունների պատճառով չեն կարողանում իրենց երեխաներին տանը պահել և հանձնում են պետական հաստատությունների հոգածությանը: Պետական հաստատությունների խնամքի ներքո գտնվող երեխաների 56%-ն այնտեղ է հայտնվում ծնողների սոցիալական ծանր պայմանների պատճառով: Այսօր երկու կազմակերպություններն ամփոփեցին նախագծի արդյունքները և հայտարարեցին այն ևս մեկ տարով շարունակելու մասին:

Ուղարկելով SMS 1234 կարճ համարին` Orange-ի բաժանորդները կարող են նվիրաբերել 100, իսկ 5678 համարին` 500 դրամ: Յուրաքանչյուր ամսվա վերջին Orange Հիմնադրամը կրկնապատկում է այն գումարը, որ հավաքվել է SMS-հանգանակության արդյունքում և տրամադրում այն Վորլդ Վիժն Հայաստանին, դժվարություններ ունեցող մեկ ընտանիքի համար կայուն եկամտի աղբյուր ստեղծելու համար:

Orange-ի բաժանորդների նվիրատվությունների, Orange Հիմնադրամի ֆինանսական ներգրավվածության և Վորլդ Վիժն Հայաստանի կատարած աշխատանքի շնորհիվ մեկ տարում 11 ընտանիք ստացել է նյութական աջակցություն, և 15 երեխա վերադարձել է ընտանիք: Մեկ տարում նախագծին մասնակցել են Orange- ի 10,841 բաժանորդներ՝ նվիրաբերելով 100 կամ 500 դրամ:

«Երեխաներն Orange Հիմնադրամի հոգածության կենտրոնում են եղել միշտ, հատկապես նրանք, ովքեր ավելի խոցելի են: Մենք շնորհակալ ենք մեր այն բոլոր բաժանորդներին, ովքեր նվիրաբերել են թեկուզ փոքր գումար՝ աջակցելու երեխաների, ովքեր ապրում են պետական հաստատություններում իրենց ծնողների ֆինանսական դժվարությունների պատճառով: Նվիրաբերված յուրաքանչյուր դրամը կարևոր է, և մեր բաժանորդներից յուրաքանչյուրը կարող է օգնել փոփոխություն բերել այս երեխաների կյանքում: Մեր բաժանորդների նվիրաբերած գումարն Orange Հիմնադրամը կրկնապատկում է: Սա այնպիսի նախագիծ է, որը միավորում է մեզ մեր բաժանորդների հետ լավ գործի համար»,- ասաց Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:

Նախագիծը կտևի ևս մեկ տարի, որի ընթացքում Orange Հիմնադրամը և Վորլդ Վիժն Հայաստանը պարբերաբար կտեղեկացնեն հավաքված գումարի և այն երեխաների և ընտանիքների մասին, որոնց դրանք ուղղվել են: Ընտանիքերի ընտրման չափանիշներն են` բազմազավակ ընտանիքներ, որոնք ապրում են սոցիալ-տնտեսական վատթար պայմաններում: Նվիրաբերված գումարը տարբեր ընտանիքների օգտագործվում է տարբեր կերպ՝ կախված նրանից, թե ծնողներից մեկը կամ երկուսը ինչպիսի աշխատանք կարող են անել: Օրինակ, գյուղական համայնքներում բնակվող ընտանիքներին տրամադրվել են ընտանի կենդանիներ կամ գյուղատնտեսական մեքենաներ, այլ դեպերում մայրերին տրամադրվել են խոհանոցային պարագաներ՝ սնունդ պատրաստելու և վաճառելու համար:

« Այսօր, խնամքի և պաշտպանության հաստատություններից տուն վերադարձած երեխաներն ու նրանց ընտանիքներն աջակցության կարիք ունեն: Մեր նպատակն է այնպես անել, որպեսզի այս երեխաները շարունակեն վայելել իրենց ծնողների և ընտանիքի անդամների խնամքն ու սերը, իսկ ամենակարևորն այն է, որ նրանք մեծանան ու դաստիարակվեն ընտանիքում: Այդ պատճառով Վորլդ Վիժնը Orange Հիմնադրամի հետ համագործակցությամբ կներդնի հնարավոր բոլոր ջանքերը՝ այս ընտանիքների համար ստեղծելու տնտեսական զարգացման պայմաններ՝ նրանց կենսապայմանները բարելավելու, ինչպես նաև ավելի լավ ապագայի հույս տալու համար», — ասաց Վորլդ Վիժն Հայաստանի ազգային տնօրենի պաշտոնակատար Շաղիկ Մարուխյանը:

Վորլդ Վիժնը  բազմամյա փորձ ունի խոցելի և անապահով ընտանիքների հետ աշխատանքի ոլորտում, ովքեր պայքարում են ֆինանսական դժվարությունների պատճառով: Կազմակերպությունը սերտորեն կաշխատի նախագծի շահառուների հետ՝ հասկանալու համար վերջիններիս կարիքները և հետևելու նրանց կենսապայմանների հետագա փոփոխություններին: