Telcell վճարային համակարգը հայտարարում է Երևան քաղաքի ավտոկայանատեղերի վճարումների հավաքագրման մեկնարկը:
Վճարման գործընթացը պարզ է և մատչելի: Ավտոկայանատեղի վճարում կատարելու համար, անհրաժեշտ է տերմինալի էկրանին ընտրել «Ավտոկայանատեղի վճարում» կոճակը, այնուհետև մուտքագրել բջջային հեռախոսահամարը և ավտոմեքենայի պետհամարանիշը: Անհրաժեշտ է նշել, թե ինչ ժամանակահատվածի համար է կատարվում վճարումը և մուտքագրել գումարը: Գործարքի ավարտին տերմինալը տրամադրում է վճարման փաստը հավաստող անդորրագիր, իսկ վճարողը նշված բջջային հեռախոսահամարին ստանում է վճարումը հաստատող կարճ հաղորդագրություն:
Հարկ է նշել, որ վճարովի ավտոկայանատեղի համայնքային հարկը գործում է Երևանի քաղաքապետարանի կողմից 25.12.12թ. ընդունված 563-Ն որոշման համաձայն: Ըստ նշված որոշման` վճարովի ավտոկայանատեղի համար գործում են հետևյալ սակագները. 1 ժամը – 100 դրամ, 1 օրը- 500 դրամ, 1 շաբաթը – 1000 դրամ, 1 ամիսը – 2000 դրամ, ընթացիկ տարվա համար – 12000 դրամ: Telcell վճարային տերմինալների միջոցով վճարում կատարելու դեպքում գործում են հետևյալ սակագները. 1 ժամով և 1 օրով կայանելու վճարման դիմաց միջնորդավճար չի գանձվում, 1000 դրամ և ավելի վճարում կատարելու դեպքում գանձվում է միանվագ միջնորդավճար 200 ՀՀ դրամ: