«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոց-պարտեզում (Առնո Բաբաջանյան 38), «Ռոբոտաշինությունն սկսվում է դպրոցից» ծրագրի շրջանակներում, մեկնարկել են խմբակավարների վերապատրաստման մեկամսյա դասընթացներ: Արդյունքում` մարզերից ժամանած 55 խմբակավար ձեռք կբերի երեխաներին ռոբոտաշինություն դասավանդելու համապատասխան հմտություններ: Դասընթացները կանցկացնեն «Նեյշնլ Ինսթրումենթս», «Սայմոտեկ» ընկերությունները և «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամը:
Ծրագիրը համակարգելու, ընդլայնելու և ունեցած փորձը բոլոր դպրոցներում կիրառելու նպատակով փոխըմբռնման հուշագրի է ստորագրվել «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության, Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության, «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի, «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի, ԱՄՆ ՄԶԳ Քաունթերփարթ Ինթերնեշնլ ծրագրի, «Նեյշնլ Ինսթրումենթս», «Սայմոտեկ» ընկերությունների և «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամի միջև: Հուշագիրը բաց է նույն նպատակը հետապնդող և ծրագրին միանալ ցանկացող յուրաքանչյուր կազմակերպության համար:
«Հուշագրի ստորագրմամբ մենք նպատակ ենք հետապնդում աշակերտների մոտ առաջացնել ժամանակակից բարձր տեխնոլոգիաների, մասնավորապես` ռոբոտատեխնիկայի նկատմամբ հետաքրքրություն, վաղ տարիքից զարգացնել ճարտարագիտական մտածելակերպ և դեպի բարձրագույն կրթություն ուղղորդել նպատակադրված և որակյալ ուսանողների»,- ասաց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
«Գիտությունը նման է շարժիչի, իսկ մարդու միտքը` այդ շարժիչն աշախատեցնող լծակի: Մենք ձգտում ենք աշակերտներին տալ գիտությունը մարդկությանը ծառայեցնելու առավելագույն հնարավորություն: Ի վերջո` սերունդների խելացի հերթափոխ ապահովելու համար հարկավոր է անընդհատ կատարելագործել և՛ շարժիչը, և՛ դրա աշխատանքը: Տեխնոլոգիաների զարգացումը տալիս է այդ հնարավորությունը: Այս համագործակցությունը թույլ կտա լուրջ քայլեր կատարել ռոբոտաշինությունը նախասիրությունից լուրջ մասնագիտության վերածելու ճանապարհին»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության, Քրոնիմետ բարեգործական հիմնադրամի, Վորլդ Վիժն Հայաստանի և Քաունթերփարթ Ինթերնեշնլ Հայաստանի հետ համագործակցությամբ, նախաձեռնել է ռոբոտաշինության խմբակների ստեղծում` Հայաստանի 55 դպրոցում: Դպրոցական խմբակների դասընթացների մեկնարկն աշակերտների համար կտրվի 2013 թվականի սեպտեմբերին: Խմբակներում պարապմունքները կիրականացվեն միության կողմից նախագծված և դպրոցներին տրամադրված ուսումնական ռոբոտի կոմպլեկտներով:
Ներկայումս ռոբոտաշինության խմբակներ են գործում մայրաքաղաքի Այբ դպրոցում, Քվանտ և Պոլիտեխնիկ վարժարաններում: Խմբակներ կան նաև մարզերում: Մասնավորապես` Լոռիում (Ախթալա), Սյունիքում (Սիսիան, Կապան), Շիրակում (Գյումրի) և Արագածոտնում (Թալին):