Այսօր Էրեբունի Պլազա բիզնես կենտրոնում «ԱրմենՏել» ընկերության գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը հանդիպել է DigiCamp ամառային տեխնոլոգիական ձեռներեցության ճամբարի մասնակիցներին:
Հանդիպման ընթացքում Անդրեյ Պյատախինը երիտասարդներին ներկայացրել է խոշոր ընկերություններում աշխատելու միջազգային իր փորձը, մասնակիցների հետ կիսվել հաջողակ լինելու և նպատակներն իրականություն դարձնելու իր անձնական օրինակով, ինչպես նաև քննարկվել ղեկավարման հմտություններ զարգացնելու և թիմային ոգին ամրապնդելու թեմաները:
«Անչափ ուրախ եմ, որ այսօր հանդիպել եմ հենց նման երիտասարդների: Հավատացած եմ, որ մոտ ապագայում մենք կհանդիպենք արդեն որպես գործընկերներ և համատեղ կիրականացնեք արդիական և բիզնես ոլորտում նոր լուծումներ առաջարկող ծրագրեր»,- նշեց «ԱրմենՏել»-ի տնօրենը:
Նշենք, որ DigiCamp ճամբարը կայացել է օգոստոսի 1-10-ը, Ծաղկաձորում: Ճամբարին մասնակցում էին 16-30 տարեկան 26 անձիք, ովքեր հնարավորություն ունեցան ծանոթանալ ոլորտի առաջնորդների հետ, լսեցին նրանց հաջողության պատմություններն ու բացահայտեցին առաջատար ընկերությունների հաջողության գաղտնիքները, մասնակցեցին ոլորտին քաջատեղյակ մասնագետների դասընթացներին և ձեռք բերեցին կիրառական գիտելիքներ: Լավագույն գաղափարների հեղինակները ստացան դրամական պարգևներ և հնարավորություն առանձին տաղավարով ներկայանալու հոկտեմբերի 4-6 կայանալիք DigiTec 2013 տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսին:
DigiCamp` ամառային տեխնոլոգիական ձեռներեցության ճամբարի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, գլխավոր գործընկերն է «ԱրմենՏել» ընկերությունը, աջակիցը` Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: