Orange-ը ներկայացրեց «Ինտերնետ Café» առաջարկը

Orange-ը ներկայացրեց նոր կանխավճարային սակագնային պլան նրանց համար, ովքեր ինտերնետի կարիք ունեն միայն ժամանակ առ ժամանակ և այն չեն օգտագործում մշտապես: Ինտերնետ Café առաջարկը, որը հասանելի կլինի Հայաստանի մարզերի բնակիչների համար, բաժանորդներին հնարավորություն կտա ինտերնետից օգտվել մինչև 1 Մբ/վ արագությամբ՝ վճարելով միայն օգտագործված րոպեների համար՝ ընդամենը 1 դրամ/րոպե սակագնով:

«Դեռ կան մարդիկ, հատկապես մարզերում, ովքեր տանը չունեն ինտերնետ և ինտերնետ-սրճարաններ են այցելում համացանց մուտք գործելու համար: Այս նոր սակագնային պլանով մենք իրականում տեղափոխում ենք ինտերնետ սրճարանը յուրաքանչյուր բաժանորդի տուն, այնպես որ վերջիններս կարող են նորություններ կարդալ, իրենց բարեկամների ու մտերիմների հետ Skype-ի, Odnoklassniki-ի, Facebook-ի կամ այլ սոցիալական ցանցերի միջոցով շփվել ցանկացած պահի», ասաց Օրանժ Արմենիայի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

Ինտերնետ Café կանխավճարային սակագնային պլանից օգտվելու համար բաժանորդները կվճարեն 100 դրամ միացման վճար, որը թույլ կտա ծառայությունից օգտվել մինչև այդ օրվա վերջը: Ինտերնետ Café հաշիվը կարելի է լիցքավորել լիցքավորման քարտերով, էլեկտրոնային լիցքավորման միջոցով, վճարման տերմինալներով, կամ այցելելով Orange-ի խանութներ, ՀայՓոստի մասնաճյուղեր և այլն: