Apple ընկերությունը 578 միլիոն դոլար կծախսի՝ Արիզոնայում (ԱՄՆ) շափյուղային (сапфир) ապակու արտադրությամբ զբաղվող գործարան կառուցելու համար: Հաղորդում է GT Advanced Technologies ընկերությունը, որը մասնակցելու է գործարանի շինարարությանը:
Apple-ի ներկայացուցիչ Քրիստին Հյուգետը AllThingsD կայքին տված հարցազրույցում նշել է, որ գործարանը կունենա մոտ 700 աշխատակից ու կաշխատի էկոլոգիապես մաքուր էներգիայով:
Հնարավոր է, որ սեփական գործարանի կառուցումը նշանակում է, որ Apple-ը ծրագրում է իր հետագա արտադրանքներում ակտիվ օգտագործել շափյուղային մասեր:
Ներկա պահին շափյուղային ապակին օգտագործվում է iPhone-ների տեսախցիկների լինզաներ պատրաստելիս, բացի այդ՝ այն կիրառվում է iPhone 5S-ի մատնահետքի սքաներում:
Աղբյուրը՝ allthingsd.com