Orange-ը շարունակում է Հայաստանի համայնքային զարգացմանն ու մարզերի տեխնոլոգիական առաջընթացին ուղղված իր ծրագրերի իրականացումը: Այս շաբաթ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում իրականացվել են մի շարք ծրագրեր, այդ թվում՝ Մարտիրոս և Շաղատ գյուղերում բացվել են համակարգչային սրահներ, իսկ Անգեղակոթ գյուղում կահավորվել է գյուղի դպրոցի մարզադահլիճը:
Համակարգչային սրահները երկու գյուղերի բնակիչներին թույլ կտան, առանց տանը համակարգիչ և ինտերնետ ունենալու անհրաժեշտության, օգտվել նորագույն տեխնոլոգիաներից, սովորել կիրառել տարբեր ծրագրեր, մուտք ունենալ դեպի համաշխարհային ցանց, մասնակցել տարբեր քննարկումների ու ֆորումների, ինչպես նաև մասնակցել կրթական ծրագրերի: 7 համակարգիչների, տպիչի և Orange MyFi երթուղիչի շնորհիվ յուրաքանչյուր համակարգչային սրահում տեղի բնակիչների համար կկազմակերպվեն համակարգչային դասընթացներ և կապահովվի վերջիններիս հասանելությունը համաշխարհային ցանցին: Սրահի ստեղծման համար Orange-ն ընդհանուր առմամբ տրամադրել է 4.7 միլիոն դրամ:
Հիշեցնենք, որ Orange-ը միակ օպերատորն է Հայաստանում, որը կառուցել է մինչև 42.2 Մբ/վ արագությամբ ցանց Հայաստանի հինգ մեծ քաղաքներում և մինչև 21.6 Մբ/վ ներբեռնման տեխնիկական հնարավորությամբ ցանց Հայաստանի մարզերում, ներառյալ այնպիսի գյուղեր, որոնք որևէ այլ օպերատորի կողմից ապահովված չեն ծածկույթով՝ նպատակ ունենալով նորագույն տեխնոլոգիաները հասանելի դարձնել երկրի բնակչության հնարավորինս մեծ մասին: Հենց այս տրամաբանությամբ է նաև ընկերությունն աջակցում մարզերում համակարգչային սրահների ստեղծմանը, որոնց թիվը մարզերում արդեն 17-ն է:
Որպես հեռավոր և խոցելի համայնքների զարգացման տեսլականի մի բաղկացուցիչ մաս՝ Orange Հիմնադրամը ֆինանսավորել է Անգեղակոթ գյուղի դպրոցի մարզադահլիճի կահավորման աշխատանքները: Տարբեր մարզասարքերով վերազինված այս դահլիճն այժմ լիովին համապատասխանում է դպրոցի մարզական ծրագրով նախատեսված պահանջներին: Մարզադահլիճը կծառայի ոչ միայն դպրոցի երեխաներին, այլև Անգեղակոթ գյուղի այլ բնակիչներին՝ տարբեր մարզական իրադարձություններ և մրցույթներ կազմակերպելու նպատակով: Մարզադահլիճի կահավորման համար Orange-ը տրամադրել է 2.9 միլիոն դրամ:
«Orange-ը մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի Հայաստանում կառուցի գերժամանակակից ցանց և ժամանակակից տեխնոլոգիաները հասանելի դարձնի բոլորին: Սակայն գիտակցելով, որ դեռևս ոչ բոլորն են կարող ունենալ սեփական համակարգիչ տանը և օգտվել ինտերնետից, մենք մեր պատասխանատվությունն ենք համարում օգնել այդ խոցելի խմբերին, հատկապես Հայաստանի մարզերում, որտեղ ինտերնետը նոր է սկսում դառնալ առօրյա գործիք: Մենք նաև ուրախ ենք աջակցել Հայաստանի համայնքների բնակիչներին հարմարավետ կահավորված մարզադահլիճներում մարզական իրադարձությունների և կրթական գործընթացների կազմակերպման հարցում», — ասաց Orange Արմենիայի գլխավոր տնօրեն և Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:
Գյուղական համայնքներում Orange Հիմնադրամի աջակցությամբ արդեն իսկ կահավորվել են թվով 11 մարզադահլիճներ: