Շուտով Google Glass-ի հատուկ դասընթացը Թումոյում

2014թ․ հունվար ամսին Թումոն կիրագործի իր առաջին Google Glass-ի դասընթացը, որի ընթացքում մասնակիցները կստեղծեն հավելվածներ այդ ինտերակտիվ սարքի համար։ Google Glass-ը կրելի համակարգիչ է ակնոցի տեսքով, ունի տեսախցիկ և էկրան, որը հնարավորություն է տալիս տեսնելու նկարներ և օգտատիրոջ միջերեսը։

Google Glass-ն առաջին անգամ ներկայացվեց Հայաստանում ս․թ․ սեպտեմբերին՝ Google ընկերության ավագ ծրագրավորող Իգոր Մահանյոկի ելույթի ընթացքում Թումոյում կայացած DevFest Armenia կոնֆերանսի ժամանակ։ Դասընթացի ընթացքում կներկայացվի Google Glass-ի ծրագրային փաթեթը՝ հնարավորություն տալով մասնակիցներին ստեղծելու Google ակնոցի պարզ հավելված սիմուլյատորի միջոցով, այնուհետև փորձարկել և հարմարեցնել այն՝ օգտագործելով հենց Google Glass սարքը։

Այս պիլոտային նախագիծը բաց կլինի սահմանափակ թվով պատանիների համար՝ ներգրավելով և Թումո սաներին, և  բուհերի ուսանողներին։ Մասնակցության պայմանները կհայտարարվեն ս․թ․ դեկտեմբերին Թումոյի կայքում և Ֆեյսբուքյան էջում։