Ինչպիսի՞ն էր 2013թ. հայկական ինտերնետ միջավայրը. Սամվել Մարտիրոսյան (հարցազրույց)

Ավարտվում է 2013-ը: Հայկական ինտերնետ միջավայրի 2013թ. միտումների և 2014թ. կանխատեսումների մասին itTREND.am-ը զրուցել է ՏՏ ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ:

Photo by Panarmenian.net
Photo by Panarmenian.net

Ըստ Ձեզ որո՞նք են 2013թ. ընթացքում Հայաստանի ՏՏ ոլորտի ամենանշանավոր իրադարձությունները

Ընդհանուր առմամբ Հայաստանում ՏՏ ոլորտի միջոցառումների թիվը աճում է, ինչը դրական մթնոլորտ է ստեղծում։ Նշեմ մի քանիսը, որոնք համարում եմ նշանավոր՝ Բարքեմփ չկոնֆերանսը, Արմթեք համաժողովը, Դիջիթեք Էքսպոն, Հեքըթոն մրցույթը, Արմնեթ մրցանակաբաշխությունը:

2013 տարվա ամենահիշարժան ինտերնետ-մեմերն ըստ Ձեզ որո՞նք են

Ամենամեմառատ ժամանակը նախագահական ընտրություններն էին, երբ միանգամից մի շարք մեմեր ստեղծվեցին՝ սկսված թարս աճող խիյարից մինչև բարևող Րաֆֆի Հովհաննիսյանը։ Բացի դրանից, Երևանի քաղաքապետարանը շարունակում է հանդիսանալ մեմերի ոգեշնչող աղբյու: Եվ իհարկե, տարին բացեց «Յա Գարեգին Նժդեհ» մեմը և տարին ավարտեց «Սաքուլիկը», որն առաջացավ Տարոն Մարգարայանի ատենախոսության շուրջ ծավալված պայքարի շուրջ։

Հայկական ինտերնետ միջավայրում ի՞նչ միտումներ են նկատկվել այս տարի

Այս տարի խորացավ Ֆեյսբուքախտը. ողջ հայաստանյան ցանցը վերածվեց Facebook-ի շուրջ պտտվող միջավայրի՝ չնայած տարվա վերջ Facebook-ի ալգորիթմի փոփոխությունը բերեց մեդիադաշտում լուրջ խնդիրների՝ կապված թրաֆիկի անկման հետ։ Հույս ունենանք, որ հաջորդ տարին ավելի բազմազան կլինի։ Հույսեր կան, քանի որ այս տարի մի շարք հետաքրքիր ցանցային նախագծեր ստեղծվեցին, սկսեց զարգանալ բջջային հավելվածների հայկական շուկան։

Համաձա՞յն եք այն կարծիքի հետ, որ 2013-ին բլոգ ստեղծելու և պահելու տենդենցը վերջնականապես մարվել է և մարդիկ այսօր սոցցանցերում են նույնն անում: Ձեր փորձը ի՞նչ է ցույց տալիս

Մի կողմից այո, մյուս կողմից՝ հենց այս տարի ես բացեցի իմ անհատական բլոգը։ Կարծում եմ, բլոգը որպես շփման միջոց մահացավ։ Բայց որպես բովանդակության ոլորտ, հակառակը, սկսում է նորից աճել, քանի որ սոցցանցերը լուրջ բովանդակություն զարգացնել թույլ չեն տալիս՝ իրենց ներքին կառուցվածքի պատճառով։

Ինչպիսի՞ն էր 2013-ը Հայաստանի համար ՏՏ անվտանգության և կիբերպաշտպանության տեսանկյունից

Այս տարին ցույց տվեց լուրջ խնդիրներ, որոնք դեռ շատ կենսական չեն, բայց պահանջում են լուծումներ։ Նոյեմբեր ամսին երկու մեծ հարձակում եղավ և ակնհայտ դարձավ, որ երկիրը խոցելի է DDoS հարձակումների համար։ Պարզ դարձավ, որ մենք լուրջ խնդիրներ ունենք անհատական տվյալների պաշտպանության ոլորտում։

2014-ին Հայաստանի ինտերնետ միջավայրի ի՞նչ կանխատեսումներ ունեք, ինչպիսի՞ զարգացում է սպասվում, ի՞նչն է լինելու նորաձև

Կարծում եմ, մենք գնում ենք դեպի ավելի շարժական ինտերնետ։ Բացի դրանից, դեպի ավելի բազմակողմանի սոցցանցեր՝ Instagram, Twitter, Pinterest. այս երեք ծառայությունները գնալով ավելի մոդայիկ են դառնում։ Եվ, ամենակարևորը, ցանցը դառնում է տնտեսության ոլորտ, այլ ոչ միայն զվարճանքի և քաղաքականության։ Սա լրջորեն կփոխի ցանցի դեմքը մոտակա մեկ-երկու տարիների ընթացքում։