2013 թ. Orange-ը ճանաչվել է շարժական ինտերնետի որակի առաջատարը

Իրականացված շուրջ 600 կայանների վերազինման աշխատանքների շնորհիվ Orange բաժանորդներն այժմ  առավել հեշտ և արագ կարող են իրականացնել տվյալների ներբեռնում և վերբեռնում, բացի այդ` կայունացել ու բարձրացել է կայքերի բացման և տեսանյութերի առցանց դիտման արագությունը: Իրականացված փոփոխությունները հեշտացրել են նաև հեռախոսասարքից շարժական կապի ինտերնետ ծառայությունների օգտագործումը: Այժմ շարժական ինտերնետ կապը հասանելի է նույնիսկ, եթե կարգավորումները ճիշտ չեն մուտքագրվել: Ներդրվել են նաև նոր տեխնիկական լուծումներ տեղական և միջազգային կապի հուսալիությունն ապահովելու համար, ինչի արդյունքում բարելավվել է կապի որակն ու կայունությունը:

Ընկերության կողմից իրականացված այս տեխնիկական աշխատանքների շնորհիվ Օրանժ Արմենիայի 3G+ ցանցը երրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է շարժական ինտերնետի որակի առաջատարը Հայաստանում՝ ըստ գերմանական «P3 Communications» անկախ միջազգային խորհրդատվական ընկերության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքների: Ընկերությունը պահպանել է  առաջատարի իր դիրքը` միևնույն ժամանակ նախորդ կիսամյակների արդյունքների համեմատ բարելավելով  ֆայլերի վերբեռնման և ներբեռնման արագությունը, YouTube  տեսանյութերի բացման արագությունը, էլ. հաղորդագրությունների ուղարկման/ստացման արագությունը և այլ ցուցանիշներ:

Բացի այդ` նշված ուսումնասիրության արդյունքների համաձայն Օրանժ Արմենիայի 3G+ ցանցն  առաջատարի դիրք է զբաղեցրել նաև սմարթֆոն հեռախոսասարքերով ինտերնետ ծառայություններից օգտվելու արագության չափանիշով, ոչ միայն Հայաստանի օպերատորների, այլ առաջին անգամ նաև եվրոպական երկրներում Orange-ի մասնաճյուղերի շարքում:

«Միշտ կարևոր է տեսնել, թե ինչպես են մեր գործադրած ջանքերը բարելավում բաժանորդների փորձառությունը: 2013թ.-ին իրականացված լայնածավալ աշխատանքների շնորհիվ` մեր ցանցը կրկին ճանաչվեց լավագույնը, այս անգամ ոչ միայն Հայաստանում, այլ նաև, որոշ պարամետրերով, Orange-ի եվրոպական մասնաճյուղերի շարքում», ասուլիսի ընթացքում նշեց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Հիշեցնենք, որ վերոհիշյալ փորձարկումներն իրականացվել են 2013թ. հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում Երևան, Գյումրի, Վանաձոր և Էջմիածին քաղաքների կենտրոններում, գործարար ու առևտրային շրջաններում և արվարձաններում:  Այս ուսումնասիրությունը հեռահաղորդակցության ոլորտում իրականացվող ուսումնասիրությունների շարունակական արշավի մի մասն է կազմում, որն ուսումնասիրում է Orange-ի եվրոպական շուկաներում 3G ցանցով շարժական ինտերնետ ծառայություններ մատուցող օպերատորների ցանցերի որակը: