Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ալեքսիս Օհանյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է հռչակավոր Reddit  սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին: Վարչապետը ողջունել է Օհանյանին, գնահատել նրա այցը Հայաստան և նշել, որ ուրախ է նրա ու մյուս սփյուռքահայերի  ամեն հաջողության համար: Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայության ներուժի իրացումը՝ ի նպաստ Հայաստանի զարգացման ու բարօրության:

Ալեքսիս Օհանյանը վարչապետին պատմել է իր տպավորությունների մասին և նրա գլխավորած նոր կառավարությանը մաղթել արդյունավետ աշխատանք ու ձեռքբերումներ: Սա  Օհանյանի  6-րդ այցն է Հայաստան։ Օհանյանը հավելել է, որ ուրախ կլինի նպաստել Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը:

Այդ համատեքստում, զրուցակիցները քննարկել են ՏՏ ոլորտում համագործակցությանը և Ալեքսիս Օհանյանի` Հայաստանում գործունեություն ծավալելու հնարավորությունները։