Սովորիր հայերեն քո iPad-ով

Apple ընկերության ծրագրերի օնլայն խանութում՝ iTunes-ում հասանելի է Learn Armenian («Սովորիր հայերեն») ծրագիրը: Այն համատեղելի է iPad պլանշետների հետ: Ծրագրի օգնությամբ հնարավոր է սովորել հայերեն այբուբենը, արտասանել և ընթերցել 230 հայերեն բառ և 38 բանաստեղծություն: Այս մասին ittrend.am-ին հայտնեց ծրագրի մտահաղացման հեղինակ և «ԶյաբՍ» նախագծող թիմի անդամ Սամվել Հովհաննիսյանը:

Learn Armenian-ն բազմաֆունկցիոնալ է: Հնարավորություն է տալիս երեխաներին ոչ միայն սովորել և արտասանել տառերը, այլև սովորել դրանց ձեռագիր գրությունը՝ նկարելով և գրելով յուրաքանչյուր տառը: Յուրաքանչյուր տառի համար ծրագրում կա հավելյալ 5 բառ և բանաստեղծություն, որոնք օգնում են զարգացնել տառի արտասանության և ընթերցման հմտությունները:

Սամվել Հովհաննիսյանի խոսքով, ծրագրում հետագայում կավելանա երաժշտություն: Ծրագրի գունավոր պատկերների և ինտերֆեյսի հեղինակն է դիզայներ Դավիթ Մարգարյանը:

Հիշենք, որ «ԶյաբՍ» թիմը մի շարք հայերեն աուդիոգրքերի հեղինակ է: Վերջերս գործարկվել էր նաև թիմի ArmFlashCards հայոց այբուբեն ծրագիրը iPhone-ների համար: