ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն այսուհետ կկիրառի արտոնագրված Windows

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ՀՀ կառավարության գերատեսչություններից առաջիններից է, որ կկիրառի բացառապես արտոնագրված ծրագրային փաթեթներ: Այդ ուղղությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը սեպտեմբերի 30-ին պայմանագիր է կնքել «Մայքրոսոֆթ» ընկերության հետ: Այս մասին հայտնում են նախարարության մամլո ծառայությունից:

Կողմերը, գոհունակություն հայտնելով կայացած գործարքի կապակցությամբ, նշել են, որ այն կարող է հերթական հաջողված քայլը հանդիսանալ՝  ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթ» կորպորացիայի միջև 2007թ. ստորագրված պայմանագրի իրագործման ուղղությամբ: Նշված պայմանագրով ՀՀ կառավարությունը ստանձնել է պարտավորություն` օգտագործելու Մայքրոսոֆթի միայն լիցենզավորված ծրագրեր և ջանքեր գործադրելու Հայաստանում հեղինակային իրավունքի պաշտպանության ուղղությամբ: Ողջունելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության այս քայլը` Մայքրոսոֆթի հայաստանյան ներկայացուցչությունը հույս է հայտնել, որ դրական այս օրինակն իր շարունակությունը կունենա նաև Կառավարության կառուցվածքում գործող այլ գերատեսչությունների շրջանում:

«Մայքրոսոֆթ» կորպորացիան Հայաստանում հիմնել է իր ներկայացուցչությունը 2006 թվականին։ 2007թ. ստորագրված պայմանագրի շրջանակում ընկերությունը համագործակցել է ՀՀ կառավարության հետ` կրթության, առողջապահության, սոցիալական, էլեկտրոնային կառավարման, մտավոր սեփականության պահպանման բնագավառներում, իրականացրել է Microsoft Windows և Microsoft Office ծրագրային փաթեթների տեղայնացում (հայաֆիկացում), մասնագետների վերապատրաստում և սերտիֆիկացում, Երևանում Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հիմնում և այլ միջոցառումներ: