Microsoft-ը նախագծում է խաղային Xbox Surface պլանշետը

Microsoft ընկերությունը նախագծում է նոր 7դյույմանոց խաղային պլանշետ՝ Xbox Surface անվանմամբ: Այս մասին գրում է The Verge-ը՝ հղելով իր գաղտնի աղբյուրներին:

Տեխնոբլոգի հաղորդմամբ, նոր պլանշետի շուրջ աշխատանքը խիստ գաղտնի է պահվում: Ըստ աղբյուրների, խաղային Xbox Surface պլանշետն աշխատելու է հատուկ գեյմերների համար հարմարեցված համակարգով: Հնարավոր է նաև, որ այն համատեղելի լինի Xbox խաղային սարքի նոր տարբերակի հետ, որը ներկայացվելու է 2013-ին:

Հիշենք, որ Microsoft-ն այս տարի ներկայացրեց իր սեփական բրենդային Surface պլանշետը՝ այսպես մուտք գործելով շարժական սարք արտադրողների շուկա: Ինչպես ավելի վաղ նշել էր ընկերության ղեկավար Սթիվ Բալմերը, Microsoft-ը նախատեսում է ներկայացնել հանրությանը Surface շարքի լայն ընտրանի, քանի որ համարում է այս ոլորտը հեռանկարային: