Երևանի քաղաքապետարանը գող չէ. Սարգիս Մանուկյան

Այսօր ծրագրավորմամբ զբաղվող «Big Brain» ընկերությունը ինտերնետում տարածել է տեղեկատվություն այն մասին, որ Երևանի քաղաքապետարանին կից գործող «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կոնտրոն»-ի  կողմից Հյուսիսային պողոտայում 4 օր առաջ տեղադրված «Ինտերակտիվ տեղեկատվական հարթակ» լուծումը գողություն է: Ինչպես ընկերությունը գրել է իր Facebook էջում տեղադրված լուսանկարում, քաղաքպետարանը որոշել է՝ «օդից փող կպավ, գնամ մենակ անեմ»:

«BigBrain»-ն իր տարածած հաղորդագրությունում նշում է, 2011թ. Մայրքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կողմից կազմակերպված և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կայացած, Երևան քաղաքի խնդիրների լուծմանն ուղղված «Հեքըթոն [ՅԱՆ] Երևան 2011» նորար գաղափարների և նախագծերի մրցույթ-փառատոնին իրենց «BigBrain» թիմը ներկայացրել էր «Ինտերակտիվ տեղեկատվական հարթակ» լուծումը: Վերջինս Մայքրոսոֆթի արտադրանքի (տվյալ պարագայում kinect-ի) հենքով ստեղծված լավագույն նախագիծ անվանակարգում հաղթող էր ճանաչվել:

Ինչպես ittrend.am-ի հետ զրույցում ասաց «Big Brain»-ի տնօրեն Լևոն Մանուկյանը, մրցույթից հետո, 2012թ. փետրվարին «Big Brain»-ը մի քանի անգամ հանդիպել է «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն»-ի հետ և ներկայացրել  «Ինտերակտիվ տեղեկատվական հարթակ»-ի լուծումը՝ առաջարկելով համագործակցել և տեղադրել նման հարթակ մայրաքաղաքում, մասնավորապես, Հյուսիսային պողոտայում:

«Մենք ներկայացրել ենք իրենց, թե ոնց պետք է աշխատի այդ հարթակը, որտեղ կարելի է այն տեղադրել: Մի քանի հանդիպումներից հետո մենք սպասում էին արձագանքի, սակայն այդպես էլ ոչ մի արձագանք չեղավ»,-ընդգծեց նա:

Լևոն Մանուկյանի խոսքով, ընկերությունը անակնկալի է եկել՝ լսելով նման հարթակի տեղադրումը քաղաքապետարանի կողմից հենց նույն վայրում, ուր իրենք էին առաջարկել: Նա հավաստեց, որ հանդիպել է անձամբ «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն»-ի տնօրեն Սարգիս Մանուկյանի հետ:

«Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն»-ի տնօրեն Սարգիս Մանուկյանը ittrend.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ տեղյակ չէ «Big Brain»-ի մասին և չգիտի, թե ինչ են առաջարկել նրանք:

«Մենք իրենցից ոչինչ չենք վերցրել և ճիշտն ասած, չենք ճանաչում նրանց: Ես հիմա փորձում եմ կապ հաստատել նրանց հետ: Մենք նախագիծը իրականացրել ենք «Մայքրոսոֆի ինովացիոն կենտրոնի» և «Լոկատոր» ընկերության հետ համատեղ: Ի սկզբանե Մայքրոսոֆթի հետ քննարկում էինք Kinect տեխնոլոգիայի օգտագործմամբ մեկ այլ նախագծի իրականացման մասին, սակայն որոշեցինք օգտագործել Kinect-ը տուրիզմի ոլորոտում: «Լոկատոր» ընկերությունն առաջարկեց իր ֆինանսական և տեխնոլոգիական աջակցությունը և նախագիծն իրականացվեց»,- ասաց Սարգիս Մանուկյանը ittrend.am-ի թղթակցին:

Նա հավաստեց, որ քաղաքապետարանը պատրաստ է ցանկացած համագործակցության: «Եթե առաջարկը լիներ նրանց կողմից, մենք կարող էին համագործակցել: Հիմա էլ դեռ ուշ չէ: Կարող են առաջարկել նման բան մեկ այլ վայրում իրականացնենք: Մենք բացմանը նույնիսկ «Մայքրոսոֆի ինովացիոն կենտրոն»-ին էինք հրավիրել»,-պնդեց Սարգիս Մանուկյանը:

Տեղեկացնենք, որ «Ինտերակտիվ տեղեկատվական հարթակ»-ն իր մեջ պարունակում է քարտեզ, որը կարելի է կառավարել մարմնով՝ ձեռքի շարժումներով օդում հրամաններ արձակելով: Քարտեզն իր մեջ պարունակում  է հետաքրքիր տեղեկություններ Երևանի ճարտարապետական կառույցների, շենքերի մասին, Երևանում մշակութային և ժամանցային սպասվող իրադարձությունների մասին: