«ArmNet Awards 2012» մրցույթին ներկայացվել է 540 հայտ

Նոյեմբերի 19-ին ավարտվել է «ArmNet Awards 2012»-ին մասնակցող կայքերի գրանցումը: Մրցույթին գրանցվել է ընդհանուր թվով 540 մասնակից՝ այդ թվում՝ կայքեր, բջջային հավելվածներ, բլոգեր և սոցիալական ցանցերի էջեր: Այս մասին ittrend.am-ին տեղեկացրեցին «ArmNet»-ի կազմակերպիչները:

Ժյուրիի ընտրությանը զուգահեռ նոյեմբերի 22-ից կմեկնարկի SMS քվեարկություն, և բոլոր այցելուները SMS հաղորդագրության միջոցով կկարողանան քվեարկել իրենց նախընտրած կայքի համար: Քվեարկելու համար անհրաժեշտ է բջջայինից ուղարկել SMS 1041 կարճ համարին (Հայաստանից 1 SMS-ի գինը` 50 դրամ, ներառյալ ԱԱՀ)` բովանդակության մասում նշելով նախընտրած մասնակից կայքի մասնակցության հատուկ համարը:  Մեկ կայքի օգտին յուրաքանչյուր բաժանորդ կարող է քվեարկել միայն մեկ անգամ, սակայն նույն բաժանորդը կարող է քվեարակել այնքան թվով կայքերի օգտին, որքան կցանկանա:

Քվեարկության արդյունքում ամենաշատ ձայներ հավաքած կայքը կճանաչվի «Ժողովրդական ընտրություն» անվանակարգի հաղթող: Մրցույթին մասնակցող սոցիալական ցանցերի անձնական էջերը «Ժողովրդական ընտրություն» անվանակարգում ներառված չեն և քվեարկությանը չեն մասնակցում: SMS քվեարկությունը կավարտվի դեկտեմբերի 8-ին, ժամը 18:00-ին:

Մրցույթի արդյունքում մրցանակներ կտրվեն 8 լավագույն մասնակիցներին հետևյալ անվանակարգերում.

  • Գլխավոր մրցանակ
  • Դիզայն և հարմարավետություն
  • Նորարարություն
  • Տեխնիկական կատարում
  • Բովանդակություն
  • Հասարակական ազդեցություն
  • Տարվա առաջընթաց
  • Ժողովրդական ընտրություն
  • Orange-ի կողմից սահմանաված մրցանակ` լավագույն բջջային հավելվածի համար:

Նոյեմբերի 30-ին կհրապարակվի ժյուրիի կողմից  ընտրված հավակնորդների ցանկը յուրաքանչյուր անվանակարգի համար (բացառությամբ «Ժողովրդական ընտրություն» անվանակարգի), իսկ մրցույթի արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 8-ին կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ:

«ArmNet 2012»-ը կոչված է գնահատել տեխնոլոգիաների հանրայնացման հետ մեկտեղ` ինտերնետի հայկական սեգմենտում կատարված առաջընթացը, խրախուսել հայկական կայքերի բովանդակային զարգացումը և նպաստել նոր ընկերությունների ստեղծմանը: Մրցույթին մասին բոլոր մանրամասները կարելի է գտնել ArmNet 2012-ի պաշտոնական կայքում` www.armnetawards.am : ArmNet 2012 ամենամյա միջոցառումների շարքի կազմակերպիչներն են Maeutica ընկերությունը, Orange-ը և Հայաստանի Ինտերնետ Հանրություն հասարակական կազմակերպությունը: Ինֆորմացիոն հովանավորն է ittrend.am-ը: