«Մարդամեջ: Reload 2012» սոցճամբարի հաղթողն է iMngo նախագիծը

Նոյեմբերի 23-25-ը Ծաղկաձորում կայացավ «Մարդամեջ: Reload 2012» երկրորդ սոցիալական նորարարության ճամբարը: Այս տարի SICamp-ը միտված էր հակակոռուպցիոն խնդիրների նորարար լուծումների մշակմանը։

Մասնակից 6 թիմերից ժյուրին հաղթող է ճանաչել «Մանկապարտեզների մոնիտորինգ» թիմի iMngo նախագիծը: Այն իրենից ներկայացնում է օնլայն հարթակ, որը հնարավորություն կտա մանկապարտեզների «հաճախորդներին» (ծնողներին) գնահատել մանկապարտեզները՝ հիմնվելով առաջարկվող չափորոշիչների վրա՝ բացառելու համար ստվերային վճարումների հնարավորությունը: Թիմի մրցանակն է 3000 ԱՄՆ դոլար: Այս մասին ittrend.am-ին տեղեկացրեց «Մարդամեջ» սոցճամբարի կազմակերպիչների թիմի անդամ Հասմիկ Սողոմանյանը:

Հանդիսատեսի կողմից հավանության է արժանացել «Արյան դոնորների միասնական վիրտուալ ռեեստր» ծրագիրը: Արյան դոնորների ռեեստրի վարումը ՀՀ-ու իրականացվում է թղթաբանությամբ, ինչը հսկայական ռեսուրսների ծախս է պահանջում և առիթ է հանդիսանում մի շարք անթուլատրելի բացթողումների: էլեկտրոնային ռեեստրը միտված է կօգնի արտակարգ իրավիճակներում գտնել համապատասխան խումբ և ռեզուս պատկանելիության դոնորին: Այս թիմը ևս ֆինանսական աջակցություն կստանա:

SICamp-ին ներկայացված մնացյալ 4 ծրագրերը նույնպես ուղղված էին հակակոռուպցիոն խնդիրների լուծմանը: Թիմերից մեկը նպատակ ունի ստեղծել Կրթական ոլորտի կոռուպցիոն դեպքերի վիրտուալ քարտեզ, ուր հնարավոր կլինի ավելացնել հաղորդագրություն կոռուպցիոն դեպքի մասին: Ծրագիրներից մյուսը կոչվում էր «Չեմ ստացել իմ դեղը»: Այս ծրագրի նպատակն է, որ պետպատվերից օգտվող հիվանդը կարողանա գրառում կատարել իրեն սպասարկող բուժհաստատության կամ բժշկի կողմից իրեն հասանելիք դեղի չտրամադրման կամ ուշացման վերաբերյալ:  Մյուս երկու ծրագրերն էին «Կոռումպածառ. խնդրի լուծման պատմություն»-ը և «Իմ գրպանից»-ը:

Հիշենք, որ սոցիալական նորարարությունը սոցիալական խնդիրները նոր գործիքներով լուծելու մեթոդ է: Այն միավորում է մարդկանց, գաղափարներ և թվային տեխնոլոգիաներ՝ օնլայն սոցիալական նորարարություններ ստեղծելու համար:  Սոցճամբարի օրերին բոլոր մասնակից թիմերը աշխատում են գաղափարի իրագործման շուրջ:

«Մարդամեջ»-ի կայքում կարելի է ծանոթանալ նախորդ տարվա նախագծերին: Սոցիալական նորարարության ճամբարը իրականցվում է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում, որը համատեղ իրականացնում են Ինտերնյուս Նեթուորքը (ԱՄՆ), Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Երևանի մամուլի ակումբը և մամուլի աջակցության «Ինտերնյուս» ՀԿ-ն։ Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:

«Սոցիալական նորարարության ճամբար» նախաձեռնությունն իրակացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ֆինանսական աջակցությամբ` «Հայաստանի համայնքների մոբիլիզացում սոցիալական համաձայնության նպատակով» ծրագրի շրջանակներում: «MArdamej:Reload» իրականացվում է«Սոցիալական նորարարության ճամբարի» հետ համագործակցությամբ: