Ինչու եմ սիրում աշխատել Google-ում. Արամ Այազյան

10606387_10204449219089070_9093145419625696378_nԱրամ Այազյանն արդեն 3 ու կես տարի է, ինչ աշխատում է Google ընկերությունում (վերջին մեկ տարին` Google Wallet բաժնում): «Ամենաշատն այս ընկերությունում սիրում եմ մարդկանց. միշտ կարելի է գտնել կոլեգաների, ովքեր պատրաստ են զրուցել, խոսել քեզ հետ քեզ հետաքրքրող թեմաներով. Google-ի աշխատակիցները շատ են, ու նրանք բոլորն էլ ունեն բազմաթիվ հետաքրքրություններ, և միշտ կարելի է գտնել նույն հետաքրքրությունը կիսող կոլեգայի»,-itTrend.am-ի հետ զրույցում կիսվեց Արամը, ով Հայաստանում է գտնվում` DevFest Armenia 2014 նախագծողների կոնֆերանսի մասնակցելու նպատակով:

Հեքիաթային գրասենյա՞կ

«Google-ում իսկապես հրաշալի պայմաններ են ստեղծված աշխատելու համար, շրջող այդ բոլոր լուրերը համապատասխանում են իրականությանը: Երևի թե ամենագրավիչը սնունդն է. աշխատակիցները կարող են օրվա ընթացքում ընդհանրապես չմտածել դրա մասին, քանի որ գալիս են առավոտյան գրասենյակ, նախաճաշում, այնուհետև ճաշում ու ընթրում: Այս ամենը թույլ է տալիս հանգիստ աշխատել` կենտրոնանալով գործի վրա, ոչ թե մտածելով, թե որտեղ և ինչ ուտել,-նշեց Արամը,-սակայն չեմ կարող չնշել, որ ամերիկյան շատ ընկերություններ ևս ձգտում են բոլոր հարմարավետ պայմանները ստեղծել աշխատակիցների համար»:

Ամենասիրելի հավելվածները

«Ամենահաճախը, երևի, օգտագործում եմ Google Maps քարտեզները. չեմ պատկերացնում, թե ինչպես է հնարավոր առանց այս հավելվածի ինչ-որ տեղ գնալ. համենայն դեպս ԱՄՆ-ում, ինչ վերաբերում է Հայաստանի քարտեզներին, ապա լսել եմ, որ հաճախ Maps-ի ցույց տված ճանապարհով գնալու դեպքում հայտնաբերում ես, որ այդ փողոցը փակվել է` ինչ-որ մեկի կառուցած տան պատճառով…Google-ը չի հասցնում հայերի հետևից :)»: Արամի սիրելի հավելվածներից է նաև Gmail-ը, այժմ արդեն` Inbox, Hangouts-ը, Google Fit-ը:

Երազանքների աշխատա՞նք

«Երբ սովորում էի, Google-ում աշխատելը երազանքի նման էր, սակայն երբ սկսեցի աշխատել, ավելի քիչ էի մտածում դրա մասին. շատ երկար ժամանակ կարծես վախենում էի դիմել այդ ընկերությունում աշխատելու համար, սակայն ընկերս կարողացավ վերջապես համոզել ինձ»,-պատմեց Արամը:

The Internship ֆիլմի մասին

«Ցավոք, ֆիլմը չեմ դիտել, ու Google-ում ասում են` առանց խմած լինելու շատ դժվար է այն դիտել (ժպտում է): Կոլեգաներս ասում են, որ այն այդքան էլ չի համապատասխանում իրականությանը: Ինչքան գիտեմ, ֆիլմի մեծ մասը նկարահանվել է համալսարաններից մեկում, իսկ ընկերությունում նկարահանվել է շատ փոքր հատված»,-տեղեկացրեց Արամը:

Ինչպես հասնել հաջողության

Ըստ Արամի` ծրագրավորման ոլորտում գլխավորը գործդ սիրելն է ու ժամանակ տրամադրելը, հատկապես սկզբնական շրջանում: Այլ գաղտնիք չկա պարզապես:

Հ.Գ. Հիշեցնենք, որ GDG DevFest Armenia 2014-ը անցակցվեց նոյեմբերի 22-23-ը ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում` հյուրընկալելով բազմաթիվ հյուրերի արտասահմանից, ինչպես նաև հայաստանյան ընկերություններից: