Apple-ը խելացի ակնոց կթողարկի

Վերջին շրջանում Apple-ը հազվադեպ է մեզ ուրախացնում իսկապես նորարական սարքավորումով։ Նախընտրությունը տրվում է արդեն գոյություն ունեցող սարքավորումների զարգացման վրա։ Վերջիններից կարելի է նշել երևի Apple Watch-ն ու HomePod-ը, այն էլ մեծ վերապահումով։ Խելացի ժամացույցներն արդեն դարձել են մեր կենցաղի լիակատար բաղադրիչը ու դրանով հիմա ոչ մեկին չես զարմացնի, այդ պատճառով էլ այն որպես նորարարություն չի դիտվում։ Թվում է, թե ամեն ինչ արդեն արտադրվել է, բայց միևնույնն է, մենք տեսարանների ծարավ ենք, ու իսկապես զիլ նորարարությունն իսկապես մեծ լսարան է հավաքում։ Բարեբախատաբր, լիովին նոր սարքավորմանը երկար չենք սպասի։

Apple-ը պատրաստվում է ներկայացնել իր բրենդային խելացի ակնոցները, որոնք, ենթադրաբար կանվանվեն Apple Glass։ Այս մասին պատմում է ինսայդեր Ջոն Պրոսսերը, որն արդեն մեկ անգամ չէ, որ կիսվել է հավաստի տեղեկություններով, մինչև դրանց պաշտոնական հաստատումը։ Նրա խոսքով, ռելիզը նախատեսվում էր թողարկել 2020 թվականի վերջին՝ 2021 թվականի սկիզբ տեղափոխելու հնարավորությամբ։     Բայց, քանի որ ընկերությունն իր աշխատակիցների մեծ մասին ուղարկել է հեռավար աշխատանքի, ակնոցների նախագծումն ու մշակումը կամ ժամանակավորապես սառեցվել է, կամ էլ՝ դանդաղել։ Այդ պատճառով էլ պաշտոնական ռելիզն, ամենայն հավանականությամբ, կհետաձգվի։

Apple Glass-ի նախատիպը, որը տեսել էր Պրոսսերը, ունի պլաստիկ շրջանակ, ներդրված լիդարով ու ամբողջովին թափանցիկ ապակիներով։

Ընդհանուր կառուցվածքում տեսախցիկներ չկան։ Սակայն Կուպերտինոյում այժմ քննարկում են նաև արևապաշտպան ապակիներով տարբերակը, նաև կլինեն հատուկ ապակիներ, որոնք կօգնեն տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց։ Ակնհայտ է, որ օպտիկական ոսպնայկներում կներդրվեն փոքրիկ էկրաններ, որոնք հագեցած կլինեն լրացված, նույնիսկ միքսած իրականության հնարավորությամբ։ Դրա միջոցով օգտատերը տեղեկատվություն կստանա։

Apple Glass-ի ինտերֆեյսը ստացել է Starboard անվանումը։ Այս անունը մենք արդեն լսել ենք, մոտ մեկ տարի առաջ, երբ Apple-ը ներկայացնում էր  iOS 13-ը։ Հենց այդ ժամանակ բետա թարմացման տարբերակում մի շարք էնտուզիաստներ նկատեցին ապագա ակնոցին տանող բազմաթիվ հղումներ։ Դրա մեջ պարունակվում էր ոչ միայն նորույթի անվանումը, այլև աշխատանքի սկզբունքների նկարագրությունը։ Օրինակ, արտահոսքերից մեկից հստակ պարզ է դառնում, որ ակնոցի էկրանները կլինեն երկուսը, ոչ թե մեկը, ինչպես Google Glass-ի դեպքում է։ Հիմնական աշխատանքային տեխնոլոգիան, կամ էլ տեխնոլոգիաներից մեկը կլինի լրացված իրականության տեխնոլոգիան, որոնք ակնոցները կհամադրեն ամենօրյա իրականության հետ։

Ջոն Պրոսսերի տեղեկություններով, Apple-ը նախատեսում է խելացի ակնոցները վաճառքի հանել 499 դոլարով։ Ամենայն հավանականությամբ խոսքը բազային փաթեթի մասին է՝ թափանցիկ ապակիներով։ Իսկ արևապաշտպան, առավել ևս բժշկական ոսպնյակներով տարբերակներն ավելի թանկ կլինեն։

Խելացի ակնոցների անհրաժեշտությունը շուկայում խիստ կասկածելի է։ Մարդիկ դեռ նոր-նոր են սովորում խելացի ժամացույց կրել ու իրապես չեն էլ հասկանում դրանք կրելու իմաստը։ Ու եթե սմարթ ժամացույցն իր տեսքով ու կրելու կանոններով ոչնչով չի տարբերվում սովորականից, խելացի ակնոցի դեպքում ամեն ինչ մի փոքր ավելի բարդ է։

  • Նախ, Apple Glass-ը ստիպված եք մշտապես կրել Ձեր դեմքի վրա (տարամաբանական էր), իսկ նորմալ տեսողությամբ բազմաթիվ մարդիկ դրան սովոր չեն
  • Երկրորդ, Apple Glass-ը կդառնա այն բազմաթիվ սարքավորումներից մեկը, որը պետք է մշտապես լիցքավորել, իսկ Apple-ի արտադրանքը երբեք էլ աչքի չի ընկել լիցքի երկար պահպանմամբ
  • Երրորդ, Apple Glass-ը դա լիովին նոր սարքավորման տեսակ է, որին սովորելու համար դեռ ժամանակ կպահանջվի
  • Չորրորդ, Apple Glass-ը շուկա դուրս կգա 500 դոլարով, իսկ դա ակնոցի համար, համաձայնեք շատ թանկ գին է, որպեսզի պարզապես հետաքրքրասիրությունից դրդված գնեն ու ստուգեն, հարմա՞ր է օգտագործման համար, թե ոչ։
  • Եվ վերջապես, հինգերորդ։ Խելացի ակնոցի գաղափարն ու կոցեպցիան մի տեսակ այնքան էլ հույս չի ներշնչում, եթե հաշվի առնենք Google-ի, Micrsoft-ի ու այլ արտադրողների անհաջող փորձերը։ Դրանք պարզապես տապալվեցին շուկայում։

Այդ պատճառով էլ Apple-ը ստիպված կլինի կաշվից դուրս գալ, որպեսզի համոզի իր գնորդներին ու օգտատերերին, որ, ամեն դեպքում նրանց պետք են այդ խելացի ակնոցները, այն էլ 500 դոլարով։ Հեշտ կլինի՞, իհարկե ոչ։ Ես նույնիսկ կարող եմ կանխատեսել, որ Apple Glass-ը նույնիսկ այն մասսայականությունը չի ձեռք բերի, ինչը եղավ Apple Watch-ի դեպքում։ Նույնիսկ բրենդային սնոբերի դեպքում, որոնց համար միևնույնն է՝ ինչ գաջեթ կգնեն, միայն թե լինի Apple-ից։