Apple-ը հայտնել է MacBook Pro 13-ում և iPhone X-ում որոշ թերությունների մասին

Apple ընկերությունը հայտնել է MacBook Pro 13 նոութբուքերում ու iPhone X սմարթֆոններում մի շարք թերությունների ու աշխատանքում խափանումների մասին, գրում է ria.ru-ն: iPhone X մոդելի որոշ խմբաքանակում կարող են սենսորային էկրանի հետ կապված խնդիրներ ի հայտ գալ՝ դիսփլեյի բաղադրիչներից մեկի շարքից դուրս գալու պատճառով:

Արտադրողը հայտարարել է, որ սմարթֆոնները կարող են չարձագանքել դիպչելուն և ընդհակառակը՝ գործողություններ անել առանց էկրանին դիպչելու: Այս խնդրին բախված iPhone X-ի տերերը, համաձայն ընկերության հայտարարության, կարող են փոխարինել էկրանն անվճար: Բացի այդ, Apple-ը հայտնել է 2017 թվականի հուլիսից 2018 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում վաճառված որոշ MacBook Pro 13-ներում կոշտ սկավառակի աշխատանքում խափանումների ու տվյալների հնարավոր անհետանալու մասին:

Ընկերությունը խորհուրդ է տվել սարքերի տերերին որքան հնարավոր է արագ դիմել ընկերության սպասարկման կենտրոններ՝ անսարքությունները վերացնելու համար: