Apple-ը ռեկորդային ցուցանիշներ է ներկայացրել

Նոր iPhone X-ի վաճառքի մեկնարին զուգահեռ Apple-ը հրապարակել է իր ֆինանսական տարվա 4-րդ եռամսյակի հաշվետվությունը՝ տպավորիչ ցուցանիշներով: Ընկերության շուկայական կապիտալիզացիան գերազանցել է 900 միլիարդ դոլարը: Երևում է, որ փորձագետների կանխատեսումները խնձորային ընկերության վերաբերյալ չեն իրականացել, քանի որ Apple-ի նոր պրոդուկտների հանդեպ հետաքրքրությունը շարունակում է աճել:

Apple-ի եկամուտը 2017-ի հուլիս-սեպտեմբերին կազմել է տարվա եկամուտի 52.6%-ը, որը գրեթե 2 մլրդ դոլարով ավելի է, քան Ուոլ Սթրիթի փորձագետների ակնկալիքները, տարեկան կտրվածքով 12 տոկոսային կետով աճ է գրանցվել: Սա ընկերության պատմությունում ռեկորդային ցուցանիշ է 4-րդ եռամսյակի համար:

Ընկերության ղեկավար Թիմ Քուքի խոսքով՝ այս եռամսյակային հաշվետվությունը դարձել է լավագույնը ծառայություններից ստացված եկամուտի առումով, որը կազմել է 8,501 միլիարդ դոլար: Անցյալ տարվա նույն եռամսյակի հետ համեմատած՝ 34% աճ է գրանցվել, իսկ ընթացիկ տարվա նախորդ եռամսյակի՝ 17%-ով: Այստեղ ներառված են App Store-ի հավելվածների, Apple Music երաժշտական և iCloud ամպային ծառայությունների վաճառքները: Ի դեպ, iPad-ի վաճառքը տարեցտարի աճել է 11%-ով, Mac-ինը՝ 10%-ով:

Apple-ում կանխատեսում են, որ 2018-ի ֆինանսական եռամսյակային հաշվետվություններն ավելի տպավորիչ ցուցանիշներ են ունենալու՝ շնորհիվ iPhone X-ի պահանջարկի, որն այսօր դուրս է եկել վաճառքի գլոբալ շուկայում: Կուպերտինոյում հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին նախատեսում են  84-87 մլրդ. դոլար եկամուտ: Համեմատաբար 2016-ի վերջին 3 ամիսների՝ ընկերությունն աշխատել է 78,4 մլրդ. դոլար: