Հայուհին Apple-ի դեմ 999 միլիարդ դոլարի դատական հայց է ներկայացրել

Կալիֆորնիայի բնակչուհի Վիոլետա Մայիլյանը Apple-ի դեմ դատական հայց է ներկայացրել` պահանջելով մոտ մեկ տրիլիոն դոլար, տարիներ շարունակ հին մոդելի iPhone-ների աշխատանքը դիտավորյալ դանդաղեցնելու համար, հայտնում է Patently Apple–ը։

Նա մեղադրում է Apple-ին խարդախ ճանապարհով տեղեկատվությունը թաքցնելու, ինչպես նաև անարդար մրցակցության մեջ։ Դատական հայցում նշված է, որ Վիոլետան որպես փոխհատուցում պահանջում է 999 միլիարդ 999 միլիոն 999 հազար դոլար։

Միաժամանակ Նյու Յորքից մեկ այլ բնակչուհի նույնպես դատական հայց է ներկայացրել iPhone արտադրող ընկերության դեմ` պահանջելով 100 միլիոն դոլար։ Ավելի վաղ Apple-ի դեմ սարքերի դանդաղ աշխատանքի համար ներկայացված հայցերը ավելի «համեստ» պահանջներ ունեին։

Դեկտեմբերի վերջում Apple ընկերությունը խոստովանել է, որ հին մոդելի iPhone-ներն իսկապես դանդաղում են, քանի որ iOS օպերացիոն համակարգը սահմանափակում է գերհոգնած, սառած, լիցքաթափմանը մոտ iPhone-ների աշխատունակությունը։ Բայց նշել էին, որ ոչ թե շահադիտական դրդապատճառներով, այլ օգտատերերի հարմարավետության և սմարթֆոնի երկարակեցության համար։

Նախորդ տարի, iPhone 6, iPhone 6s և iPhone SE սմարթֆոնների համար գործարկվել է նոր ֆունկցիա, որի նպատակը էներգասպառման ակնթարթային պիկերը հարթելն է, որը նույնպես դանդաղեցնում է սարքի աշխատանքը։ Այս գործառույթը ավելանալու է նաև նոր թողարկվող iPhone-ներում։

Նշենք, որ այս խոսակցությունները առավել ակտիվ սկսեցին շրջանառվել Reddit-ի TeckFire նիկով հանդես եկող օգտատիրոջ առաջ քաշած հիպոթեզից հետո, որտեղ նա իր iPhone 6-ի մարտկոցը փոխելով ավելի հզորի` Geekbench թեստով ապացուցում է, որ սմարթֆոնի աշխատանքն արագացել է, այսպիսով մեծ թվով օգտատերեր Apple-ին սկսեցին մեղադրել հին մոդելների աշխատանքը դիտավորյալ դանդաղեցնելու մեջ։