Apple Watch-ի առաջին տարին շուկայում ավելի հաջողված էր, քան iPhone-ի

Apple Watch խելացի ժամացույցը, որը թողարկվել էր անցած տարվա ապրիլին, ավելի լավ սպառվեց, քան ամենաառաջին iPhone-ը: IDC-ի վերլուծաբանների գնահատմամբ՝ ընկերությունը վաճառել է 12 մլն խելացի ժամացույց, այն դեպքում, երբ առաջին սերնդի iPhone-ը 2007-2008 թ.-ին վաճառվել էր 6,1 մլն օրինակով:

Ըստ Wristly ընկերության կողմից արված հարցման արդյունքների՝ Apple սմարթ-ժամացույցների 1150 օգտատերերի 93%-ը գոհ են կամ շատ գոհ են իրենց կատարած գնումից: Սակայն Apple Watch-ն իդեալական ժամացույց չէ: Այն հաճախ քննադատվում է դանդաղության, թույլ պրոցեսորի, GPS-ի բացակայության, iPhone-ից և մարտկոցից խիստ կախվածության համար:

Ինչպես գրում է The Wall Street Journal-ը, Apple-ն ակտիվորեն աշխատում է սարքի թերությունների շտկման վրա: Երկրորդ սերնդի Apple Watch-ում, օրինակ, սպասվում է բջջային կապերին միացման հնարավորություն և ավելի բարձր արտադրողականությամբ չիպ: Այնպես որ օգտատերերն այլևս իրենց մոտ սմարթֆոն պահելու կարիք չեն ունենա, որպեսզի ուղարկեն հաղորդագրություններ iMessage-ով կամ զանգեր կատարեն:

Ինչպես նաև լուրեր են պտտվում, որ Apple Watch 2-ը կդառնա 40%-ով ավելի բարակ, այն կներկայացվի հունիսին (WWDC 2016 կոնֆերանսի ժամանակ) կամ սեպտեմբերին` iPhone 7-ի հետ միասին:

Աղբյուրը՝  The Wall Street Journal