Թիվ 200 դպրոցի Արմաթ լաբորատորիան համալրվել է պրոֆեսիոնալ եռաչափ տպիչով

Աջափնյակ-Դավիթաշեն վարչական շրջանի թիվ 200 դպրոցում տեղակայված Արմաթ ինժեներական լաբորատորիան այսօր համալրվել է 3D Systems բացառիկ պրոֆեսիոնալ տպիչով, որը դպրոցին նվիրել է բարերար Սամվել Բեկյանը։

Սամվել Բեկյանը հանդիսանում է Բենիլյուքս երկրներում (Բելգիա, Նիդերլանդներ, Լյուքսեմբուրգ) և 3D Supply Managment 3D Systems-ի պաշտոնական ներկայացուցիչը։

Սարքը  շուկայում առկա մյուս տպիչներից տարբերվում է ինժեներական նորագույն լուծումներով և տպագրման ճշգրիտ մեխանիզմներով։ 3D Systems-ի արտադրած դետալները ներկայումս աշխարհում կիրառվում են ռազմական, առողջապահական, տրանսպորտի և այլն ոլորտներում։

Արմաթում տեղի ունեցած պաշտոնական արարողությանը ներկա էին Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը, ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը, ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և այլք։

Հյուրերը նախ ծանոթացան 200 դպրոցում տեղակայված Արմաթ լաբորատորիայի սաների աշխատանքներին, որից հետո ներկայացվեց սարքը։

ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը իր խոսքում նշեց․ «Մենք շատ ուրախ ենք, որ մեր լաբորատորիաներից մեկը համալրվեց նման որակի գերճշգրիտ եռաչափ տպիչով, որը նոր հնարավորություններ է ընձեռում ոչ միայն կրթական այլ նաև ընդհանրապես արդադրական պրոցեսում»։