Որքան հարկ են վճարել Հայաստանում գործող բջջային կապի երեք օպերատորները 2014թ․

operatorsՀայաստանի հեռահաղորդակցական ծառայությունների շուկայում գործող երեք ընկերությունները 2014 թվականին պետբյուջե են վճարել 49,5 մլրդ դրամի հարկ՝ 2013 թ.-ի նույն ժամանակահատվածում վճարած 48,8 մլրդ դրամի դիմաց, հաղորդում է Պետեկամուտների կոմիտեն:

Հրապարակած տվյալների համաձայն՝ օպերատորների կողմից (VivaCell-MTS, «ԱրմենՏել» և «Orange Armenia») վճարված բոլոր հարկերի կառուցվածքում հարկային մարմինների կողմից հավաքված միջոցները կազմել են ավելի քան 46,1 մլրդ դրամ, մաքսային մարմինների կողմից հավաքված միջոցները՝ 3,37 մլրդ դրամ։ Ընդ որում, 20 մլրդ. դրամ կազմել է ուղիղ հարկերը (եկամտային հարկ, շահութահարկ, կողմնակի հարկերը հավաքվել են 23,2 միլրդ. դրամ (այդ թվում ԱԱՀ, ակցիզային հարկ) այլ հարկերի և տուրքերի գծով վճարները կազմել են 1,9 մլրդ դրամ:

Այսպես՝ VivaCell-MTS ընկերությունը («Ղ-Տելեկոմ») 2014 թվականին պետբյուջե է վճարել 28,9 մլրդ դրամ (2-րդ տեղ), «ԱրմենՏելը» (ապրանքանիշը՝ Beeline)՝ 16,5 մլրդ դրամ (5-րդ տեղ), իսկ Orange Armenia-ն՝ 4,13 մլրդ դրամ (24-րդ տեղ):

Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուները 2014 թվականին ընդհանուր առմամբ պետբյուջե են վճարել ավելի քան 700,5 մլրդ դրամ՝ 2013 թվականին գրանցված 665 մլրդ դրամի դիմաց (5,3 տոկոսի աճ): Ցանկը գլխավորում է «Գազպրոմ-Արմենիան», որը 2014 թվականին պետբյուջե է վճարել մոտ 42,8 մլրդ դրամ՝ 2013 թվականի հունվար–դեկտեմբերին վճարած մոտ 37,8 մլրդ դրամի դիմաց:

VivaCell-MTS (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։

Orange Armenia–ն France Telecom (ապրանքանիշը` Orange) ընկերության 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է, որը հայկական շուկա է մտել 2009թ.–ի նոյեմբերի 5–ին։ Այն ապահովում է ցանցի 83 տոկոսանոց ծածկույթ և բջջային ցանցի և ինտերնետ հասանելիություն հանրապետության 600 համայնքներում (քաղաքներում և գյուղերում) ($1 – 411,74 դրամ):