Արդեն հայտնի են «Գծին հետևող և իրեր դասակարգող ռոբոտ» մրցույթի հաղթողների անունները (լուսանկարներ)

DSC_0007«Երևան Էքսպո» կենտրոնում կայացավ «Գծին հետևող և իրեր դասակարգող ռոբոտ» մրցույթի եզրափակիչ փուլը: Մրցույթին մասնակցում էր 11 թիմ, որոնք հիմնականում կարողացել էին լուծել առաջադրված խնդիրները:

Մրցույթի ժյուրիի գնահատմամբ առաջին տեղը կիսեցին Երևանից IRC և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի Digital Cloud թիմերը: Այս թիմերի յուրօրինակ տեխնիկական լուծումներով նախագծած և ծրագրավորած ռոբոտները անսխալ կատարեցին տրված առաջադրանքը՝ հավաքելով հնարավոր առավելագույն միավորները: Նշենք նաև, որ Digital Cloud թիմը ԴիջիԹեք Էքսպո 2014-ի շրջանակներում անցկացված «ԷկոՌոբոտ» մրցույթի հաղթողն է, իսկ IRC թիմը ձևավորվել է նույն՝ Robofest-ի այցելուներից: Մրցույթի նախնական փուլերում ներկայացնելով միայն ծրագրային առաջարկությունը՝ թիմին տրամադրվեցին ծրագրին համապատասխան ռոբոտի դետալներ:

DSC_0994

DSC_0969

DSC_0936
Մրցույթի կազմակերպիչների սահմանած «Լավագույն տեխնիկական լուծում» անվանակարգում հաղթող ճանաչվեց Digital Cloud թիմը, իսկ Գավառի թ. 2 միջնակարգ դպրոցի «Գավառ» թիմն արժանացավ «Ամենաերիտասարդ թիմ» խրախուսական մրցանակին:

Առաջնությունն անցկացվում է 2008 թվականից՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության «ԱրմՌոբոտիքս» ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է երիտասարդների շրջանում հետաքրքրություն առաջացնել բարձր տեխնոլոգիաների նկատմամբ և ի հայտ բերել օժտված պատանիների և աղջիկների, ովքեր հետագայում կարող են վստահ քայլեր կատարել ՏՀՏ ոլորտի ամենատարբեր բնագավառներում: Այժմ հանրապետությունում գործում է 60 ռոբոտաշինական խմբակ, որոնցից 50-ը՝ մարզերում և Արցախում:

Եզրափակչին մասնակցող թիմերից 10-ը ներկայացնում են դպրոցական ռոբոտաշինական խմբակները, որոնցից 8-ը ՀՀ մարզերից են (Լոռի, Շիրակ, Սյունիք, Գեղարքունիք, Արագածոտն):

Հիշեցնենք, որ «ԱրմՌոբոտիքս» ծրագիրը նախաձեռնել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը: