Հրաչուհի Բարսեղյան․ հայաստանյան ՏՏ ոլորտի իմիջ մշակելը ազգային ու պետական մակարդակի կարևորություն ունի

Օրերս կայացած ԴիջիԹեք բիզնես ֆորումին ArPR Holding ընկերության գործադիր տնօրեն Հրաչուհի Բարսեղյանը խոսեց հայաստանյան ՏՏ ոլորտում առկա խնդիրների մասին։ «Մեր կողմից անցկացված հարցումը ցույց է տվել, որ միայն լավ պրոդուկտ ստեղծելը դեռ ճանապարհի կեսն է, և ՏՏ շուկայում կա ճիշտ դիրքավորվելու ու ներկայանալու լուրջ խնդիր»,-նշեց նա։

Ընկերության ղեկավարի խոսքով՝ շատ ՏՏ ընկերություններ այսօր չեն պատկերացնում, որ ունեն իմիջի ստեղծման կարիք, մինչդեռ հայաստանյան ՏՏ ոլորտի իմիջ ստեղծելը միայն կազմակերպությունների մակարդակի խնդիր չէ, այլ ազգային ու պետական կարևորություն ունի։

«Աշխարհում այնպիսի պատկերացում կա, որ երբ ասում են հնդիկ, անմիջապես պատկերացնում են ՏՏ ոլորտի հետ կապ ունեցող մասնագետի, ով որակյալ և էժան ծառայություն է մատուցում․ սա պատահական չէ՝ երկար տարիների ռազմավարության ու աշխատանքի արդյունք է»,-ասաց Հ․Բարսեղյանը։ Նրա կարծիքով՝ հայերը շատ ավելի հզոր ինտելեկտուալ կապիտալ ունեն ու ավելի մեծ ներուժ, սակայն տեղական ՏՏ ընկերությունները պետք է բավարար չափով ուշադրություն դարձնեն մարկեթինգին ու PR-ին, որպեսզի կարողանան ժամանակին որսալ շուկայի պահանջների ազդակներն ու համապատասխան արձագանք տալ։

«Շատ կարևոր է այն, որ հայկական ՏՏ ընկերությունները ոչ թե ռեակտիվ, այլ պրոակտիվ լինեն: Անհրաժեշտ է հասկանալ շուկայի պահանջը, նույնիսկ գերազանցել սպասելիքները, սա այս ոլորտում հաջողության ամենակարճ ճանապարհն է»,- ittrend.am-ի հետ զրույցում ամփոփեց Հ․Բարսեղյանը։

___

ArPR Holding-ը ստեղծվել է 2013 թվականին, միջազգային որակավորում ստացած կառավարման խորհրդատու, հասարակայության հետ կապերի և մարքեթինգի մասնագետ Հրաչուհի Բարսեղյանի, միջազգային ֆինանսների ոլորտի մասնագետ Արեգ Բարսեղյանի, միջոցառումների կազմակերպման մասնագետ Դավիթ Միրզոյանի կողմից: Կազմակերպության գործունեության հիմքում հասարակայնության հետ կապերի (PR) գործիքների կիրառությունն է ավանդական և ոչ ավանդական միջոցներով: Կազմակերպության մատուցած ծառայությունները հիմնված են մեր հիմնադիրների պրակտիկ փորձառության, տարիների կուտակած փորձի, մշտապես կատարելագործվելու և շարունակական մասնագիտական զարգացման վրա: ArPR Holding-ն առաջարկում է կառվարման խորհրդատվության՝ PR, ճգնաժամերի կառավարման, մարքեթինգի, կազմակերպական զարգացման գծով, նույն ոլորտներում նախագծերի մշակման և իրագործման, միջոցառումների կազմակերպման, արթ-մենեջմենտի և սպորտային մենեջմենթի ռազմավարական և տակտիկական լուծումներ, նախածերի պլանավորում, ծրագրերի իրականացում: