Հայաստանում առանց դրոշմապիտակների աուդիո և վիդեո արտադրանքի վաճառքի արգելքը հանվել է

ՀՀ Ազգային ժողովն այսօր` դեկտեմբերի 21-ին, արտահերթ նիստի ժամանակ երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին օրենքի նախագիծը։

Նշենք, որ առանց դրոշմապիտակների աուդիո և վիդեո արտադրանքի վաճառքի արգելքը Հայաստանում ուժի մեջ է մտել 2013 թ.–ի ապրիլի 18–ին: Ինչպես նշել է «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Արմեն Եղիազարյանը, օրենքով ժամանակին խստացվել էր հեղինակային իրավունքների պաշտպանությունն առանց դրոշմապիտակների աուդիո և վիդեո արտադրանքի վաճառքի նկատմամբ արգելք սահմանելու միջոցով։

«Սակայն փորձը ցույց է տվել, որ այդ օրենքի ոչ բոլոր դրույթներն են գործնականում կիրառվում, օրինակ` նախատեսված էր, որ հեղինակային իրավունքների պաշտպանությամբ պետք է զբաղվի էկոնոմիկայի նախարարությունը` տրամադրելով հեղինակային արտադրանքի իրացման համապատասխան արտոնագրեր, ինչը նպատակահարմար չէ, քանի որ իրենց իրավունքները պետք է պաշտպանեն արտադրանքի հեղինակները», – ասաց Եղիազարյանը։

Նա նաև նշել է, որ ինտերնետի զարգացման և վերջինիս ներթափանցման մակարդակի ավելացման պայմաններում անիմաստ է իրականացնել նման վերահսկողություն շուկայում: