«Հայկական ՏՀՏ եվրոպական ավտոարշավ ծրագիրը» շարունակում է իր հանդիպումները Եվրոպայում (ֆոտոշարք)

Սույն թվականի հոկտեմբերի 4-ին մեկնարկեց «Հայկական ՏՀՏ եվրոպական ավտոարշավ» ծրագիրը, որով ծրագրի մասնակից 26 ՏՀՏ ընկերություններ սկսեցին իրենց 32 օրյա գործնական այցելությունը եվրոպական երկրներով (թվով 15 եվրոպական երկիր), որտեղ նրանք կմասնակցեն մի շարք միջոցառումների և գործարար հանդիպումների: Այս մասին ittrend.am-ին տեղեկացրեց «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հաղորդակցման գծով պատասխանատու Աննա Ոսկանյանը:

Արդեն իսկ անցկացվել են մի շարք հանդիպումներ Վիեննայում, Պրահայում, Կատովիցեում, Բեռլինում, Բրյուսելում և Փարիզում, որտեղ մասնակիցները ներկայացրել են Հայաստանը, որպես բարձր տեխնոլոգիաների պետություն, հնարավոր ներդրումային միջոցները և ՏՏ ոլորտի զարգացումը, տեղի են ունեցել գործարար (B2B) հանդիպումների, ինչպես նաև ավտոարշավի մասնակիցները այցելել են 5-րդ եվրոպական կոնգրեսը նվիրված փոքր և միջին բիզնեսին։

Հոկտեմբերի 13-ին Պրահայի տեխնոլոգիական ակադեմիայի կենտրոնում տեղի ունեցավ հայ-չեխական բիզնես հանդիպումը, որտեղ բացման խոսքով հանդես եկան ՀՀ պաշտպանության նախարար պարոն Սեյրան Օհանյանը, Չեխիայում ՀՀ արտակագ և լիզոր դեսպան պարոն Տիգրան Սեյրանյանը և «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» հիմնադրամի գործադիր տնօրեն պարոն Վահան Հովսեփյանը։ Հանդիպման ընթացքում պարոն Օհանյանը նշեց, որ նմանատիպ ծրագրերը շատ լավ հնարավորություն են հայ գործարար օղակների համար։ Հոկտեմբերի 14-ին հայկական պատվիրակությունը ժամանեց Կատովիցե, որտեղ նրանք մասնակցեցին փոքր և միջին ձեռնարկությունների 5-րդ Եվրոպական կոնգրեսին, որտեղ մասնակիցները հնարավորություն են ունեցել, ոչ միայն մասնակցել Կոնգրեսի կողմից կազմակերպված միջոցառմանը այլև ունենալ առանձին B2B գործարար հանդիպում միջոցառման մասնակիցների հետ։ Հաջորդ կանգառը եղել է Բեռլինում, որտեղ մասնակիցներին ողջունել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար պարոն Էմիլ Տարասյանը, Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան` Աշոտ Սմբատյանը։ Այցելությունների հաջորդ կանգառը եղել է Բրյուսելը։ Հայ–բելգիական բիզնես համաժողովի ընթացքում մասնակիցները ներկայացրել են հայաստանում իրենց կազմակերպությունների հնարավորությունները, ինչպես նաև արդյունքում արդեն իսկ ձեռք են բերվել մի քանի նախնական համաձայնագրեր եվրոպական գործընկերների հետ։ Ծրագրի ավարտին մասնակիցները ակնկալում են նոր պայմանագրեր, համաձայնագրեր, համատեղ գործնական նոր ծրագրեր, միջոցառումներ և այլն։

«Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» հիմնադրամն ու «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը համատեղ իրականացնում են «Հայկական ՏՀՏ եվրոպական ավտոարշավ» ծրագիրը, որի հիմնական նպատակն է գործարար (B2B) հանդիպումների միջոցով համախմբել և եվրոպական 15 պետությունների շուկային ու գործընկեր կազմակերպություններին ներկայացնել հայկական ՏՀՏ և գործարար ոլորտի ներուժը, Հայաստանի բարձր տեխնոլոգիաների արտադրական կարողությունները, ձևավորել երկկողմ և բազմակողմ համագործակցություն, ինչպես նաև ներկայացնել Հայաստանը` որպես կամուրջ դեպի Եվրասիական տնտեսական միություն, Միջին Ասիա և Արևելք` դրանով իսկ նպաստելով Հայաստանում ներդրումային հնարավորությունների ներկայացմանը:

«Հայկական ՏՀՏ եվրոպական ավտոարշավ» ծրագիրը իրականացվում է «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության («Թի-Էս-Դի») և «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» («Էն-Թի-Ի-Էֆ») հայկական բարեգործական հիմնադրամի կողմից, ՀՀ կառավարության` ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ արտաքին գործերի նախարարության, ԼՂՀ կառավարության, Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի և Ձեռնարկությունների եվրոպական ցանցի հետ համագործակցությամբ, ինչպես նաև «Ռեսո» ապահովագրական ընկերության, «Ալտակոդ» և «Արփինետ» ընկերությունների աջակցությամբ և «Լոֆթ» ու «Սիթիմոբիլ» ընկերությունների հովանավորությամբ: