Վաղը կտրվի «Հայկական ՏՀՏ եվրոպական ավտովազք» ծրագրի մեկնարկը

Ս․թ․ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 11:00-ին «Լոֆթ»-ում կտրվի «Հայկական ՏՀՏ եվրոպական ավտովազք» ծրագրի մեկնարկը, որը կազդարարեն ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար էմիլ Տարասյանը, ծրագրի կազմակերպիչ և ֆինանսավորող, «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանը, «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Վահան Հովսեփյանը և ծրագրի գլխավոր հովանավոր, «Սիթիմոբիլ» ընկերության հիմնադիր Արամ Առաքելյանը:

«Էն-Թի-Ի-Էֆ» հիմնադրամն ու «Թի-Էս-Դի» ընկերությունը համատեղ իրականացնում են «Հայկական ՏՀՏ եվրոպական ավտովազք» ծրագիրը, որի շրջանակում սույն թվականի հոկտեմբերի 4-ից մինչև նոյեմբերի 6-ը հայկական ՏՀՏ ընկերությունների ավելի քան 40 ներկայացուցիչ կայցելեն 20 եվրոպական երկիր, կմասնակցեն ոլորտի ներկայացուցիչների հետ կազմակերպվող`

  • «Hi-Tech/Made in Armenia» բիզնես ֆորումների,
  • տեղական կազմակերպությունների հետ հանդիպումների,
  • հայկական «Hi-Tech» անկյան ներկայացմանը և
  • և միջազգային մի շարք միջոցառումների:

Հայկական ՏՀՏ պատվիրակությունը գործարար հանդիպումներ կունենա Վիեննայում, Պրահայում, Բեռլինում, Ամստերդամում, Բրյուսելում, Փարիզում, Մարսելում, Միլանում, Զագրեբում, Բելգրադում, Սոֆիայում, Աթենքում և այլուր, ինչպես նաև կմասնակցի Բուխարեստում և Կատովիցեում կազմակերպվող խոշոր տեխնոլոգիական միջազգային միջոցառումներին:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, ՀՀ Սփյուռքի նախարարության, ՀՀ Արտաքին գործերի նախարարության, Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի և Ձեռնարկությունների եվրոպական ցանցի հետ համագործակցությամբ։