Բարքեմփ 2015. ինչպես ապահովել ինտերնետ-հեռուստատեսության եկամուտը

Ելենա Կիրյուշինա

Հայաստանի ամերիկյա համալսարանում շարունակվում է յոթերորդ «Բարքեմփ Երևան» ամենամյա չկոնֆերանսը, որը մեկ հարկի տակ է հավաքել Հայաստանի ինտերնետ-հանրության ներկայացուցիչների` ծրագրավորողների, ինտերնետային մարքեթինգի և դիզայնի մասնագետների, բլոգերների, լրագրողների, առցանց հրատարակիչների: Միջոցառմանը ելույթ են ունենում նաև արտասահմանից ժամանած մասնագետներ։

Ներկաների հետ իր փորձով կիսվեց ռուսական «Дождь» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր Ելենա Կիրյուշինան, ով անդրադարձավ հեռուստաալիքների բիզնես մոդելներին։

5 տարի առաջ ստեղծված «Дождь»հեռուստաալիքը հեռարձակվում է միայն ինտերնետով, կան նաև iOS, Android հավելվածներ, ինչպես նաև Smart TV-ներով հեռուստաալիքը դիտելու հնարավորություն։

Այժմ հեռուստաալիքն ունի 7.200.000 օգտագործող, որից 4.5 միլիոնը դիտում են ալիքը կայքի միջոցով։ Կիրյուշինայի խոսքով՝ հեռուստաալիքն ապահովում է եկամուտը բաժանորդագրության միջոցով, իսկ գովազդից ստացված եկամուտը կազմում է ընդամենը 19%։ Նախատեսված է նաև բաժանորդագրության premium-փաթեթ, որը հնարավորություն է տալիս անջատել գովազդները։ «Ռուսաստանում մի քանի տարի առաջ օգտագործողները սովոր էին չվճարել ֆիլմերի, երաժշտության դիմաց, այժմ իրավիճակը փոխվել է»,-նշեց հեռուստաալիքի պրոդյուսերը։

Սկզբնական շրջանում բաժանորդագրությունը եղել է եկամուտ ստանալու տարբերակներից մեկը, իսկ այժմ այն դարձել է հիմնական աղբյուրը։ Կիրյուշինան կարծում է, որ հեռուստաընկերությունների գովազդային մոդելը հաստատուն չէ, և փորձը ցույց է տալիս, որ օգտագործողները պատրաստ են վճարել որակյալ ու բացառիկ բովադակության դիմաց։