Մայիսի 27-28-ը կայացավ 9-րդ ԲարՔեմփ Երևան երիտասարդական (չ)կոնֆերանսը: Ամփոփել ենք սպասված ու ոգևորիչ տեխնո-իրադարձությունը:
Այս տարի ելույթներով հանդես եկան 6 միջազգային հյուրեր՝ Յան Ուալդեբոյերը (Գերմանիա), Էդուարդ Ուրլիչը (Չեխիա), Իլյա Կլիմովը (Ուկրաինա), Էնդրյու Ռովաթը (Կանադա), Եկատերինա Տկաչովան և Եկատերինա Երոշենկոն (Ռուսաստան):
Յան Ուալդեբոյերը ներկայացրեց Red Hat ընկերության փորձը open source հարթակներ ստեղծելու ու դրանց կարևորությունը: itTrend-ի հետ զրույցում Յան Ուալդեբոյերը նշեց, որ առաջին անգամ է Հայաստանում և հայկական ՏՏ ոլորտի մասին պատկերացումները դեռ ամբողջական չեն, սակայն բավականին մեծ ներուժ է տեսնում այստեղ՝ Հայաստանում մրցունակ ՏՏ ընկերություններ ստեղծելու և գործունեություն ծավալելու համար, որի ապացույցը երիտասարդների շրջանում մեծ ոգևորությունն է, որոնք պետք է ավելի համարձակ գաղափարներով համակվեն, չվախենան առաջին հայացքից խենթ թվացող մտքերից:
Mail.ru Group-ի ու Mytarget հարթակի ներկայացուցիչներ Եկատերինա Տկաչովան և Եկատերինա Երոշենկոն ներկայացրին հայաստանում ինտերնետ հասարակության թվային պատկերը: Ըստ mail.ru-ի տվյալների՝ Հայաստանում սոցցանցերից առաջին տեղում շարունակում է մնալ odnoklassniki.ru-ն: Հաճախ այցելվող կայքերի թոփ 5-յակը հետևյալ տեսքն ունի՝ ok.ru, youtube.com, facebook.com, google.am, google.com:
Կանադայից Էնդրյու Ռովաթը հանդես եկավ լուսանկարիչների համար հետաքրքրական ելույթով: Էդուարդ Ուրլիչը փորձեց ներկայացնել մեր օրերում ծրագրավորման լեզուների պայքարը, դրանց զարգացման ուղղությունները, առավելությունները և ընձեռող հնարավորությունների շրջանակը: Այս տարի նույնպես մեծ հետաքրքրություն առաջացրեց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի ելույթը:
(Չ)կոնֆերանսի ընթացքում կազմակերպվեց նաև աշխատանքի տոնավաճառ: Ընկերությունները տոնավաճառին ներկայացրել էին իրենց ազատ հաստիքները:
ԲարՔեմփ Երևանի կազմակերպիչներից Գեղամ Վարդանյանը նկատեց, որ միջոցառումը տարեցտարի հետաքրքիր է դառնում ավելի մեծ թվով ընկերությունների համար. «Որպես տարեկան միջոցառում տարեցտարի առավել կազմակերպված է դառնում, ավելի շատ մարդկանց է հետաքրքրում, ավելանում է նաև մասնակցող ՏՏ ընկերությունների թիվը, որոնց մոտ արդեն ձևավորվել է գիտակցություն, որ սա կարևոր կրթական միջավայր է և ոչ թե գովազդային հարթակ»:
Միջոցառման ամբողջ ընթացքում ապահովվել է ուղիղ եթեր հեռարձակում, BarCamp-ի YouTube-ի ալիքում պահպանվում են ելույթների տեսագրությունները:
Նշենք, որ ԲարՔեմփն առաջին անգամ անցկացվել է 2005թ. ԱՄՆ-ում՝ Սիլիկոնյան հովտում և հետագայում դարձել է ճանաչված ձևաչափ ամբողջ աշխարհում։ Երևանում այն անցկացվում է 2009-ից։ Առաջին Բարքեմփ Երևանին մասնակիցների թիվը հասնում էր 200-ից 300-ի: Այս տարի ընդհանուր առմամբ գրանցվել է ավելի քան 1500 մասնակից, նախորդ տարի 2200-ից ավելի մասնակցություն էր գրանցվել:
Լուսանկարները՝ Amatuni Photography
Նունե Գրիգորյան