Գրքեր, որոնք ոգեշնչել են Բիլ Գեյթսին, Էլոն Մասկին, Մարկ Ցուկերբերգին և այլ նորարարների

Founder and Chairman of Microsoft Bill Gates holding a copy of Business Adventures by John Brooks.

Լավ գիրքը ստիպում է մտածել, գերազանց գիրքը` փոխում է ընթերցողին ու ոգեշնչում գործել նոր ձևով։ Ներկայացնում ենք երկրորդ խմբին պատկանող գրքերի ցանկը, որոնք մոտիվացրել, ոգեշնչել և նորարարությունների են դրդել աշխարհի ամենամեծ ընկերությունների հիմնադիրներին ու ղեկավարներին։

Բիլ Գեյթս (Microsoft–ի հիմնադիր) – «Բիզնես–արկածներ»

Բիլ Գեյթսը հաճախ է կազմում հետաքրքիր գաղափարներով և օգտակար տեղեկատվություն պարունակող սիրելի գրքեր ցանկեր։ Նրա ամենասիրելի գիրքը` Ջոն Բրուքսի «Բիզնես–արկածները», մշտապես ներառված է այդ ցանկերում։ 50–ականներին Ուոլ Սթրիթի մասին պատմող պատմվածքների հավաքածուն նախընտրում է նաև ամերիկացի բիզնես–մագնատ Ուորեն Բաֆեթը։ Բիլ Գեյթսի կարծիքով` այս գիրքն երիտասարդ գործարարներին հիշեցնում է, որ բիզնեսի կառավարման մոդելները չեն փոխվում և անցյալը կարող է դառնալ նոր գաղափարների զարգաղման հիմք։

Էլոն Մասկ (Tesla–ի հիմնադիր) – «Բենջամին Ֆրանկլին. Կենսագրություն»

SpaceX-ի, Tesla-ի հիմնադիր Էլոն Մասկը ոգեշնչող է համարում Ֆրանկլինի գործունեությունը։ Բազմաթիվ հարցազրույցներում Էլոն Մասկը պատմել է, որ նախընտրում է կարդալ ականավոր անձանց կյանքի պատմությունները, ինչպես օրինակ՝ Ուինսթոն Չերչիլի, Հենրի Ֆորդի կենսագրականները: Ուլթեր Այզեքսոնը հետաքրքիր ձևով է պատմում Բենջամին Ֆրանկլինի կենսագրությունը` ներկայացնելով նրան ոչ միայն որպես քաղաքական գործչի, գրողի, գյուտարարի, գիտնականի և տաղանդավոր դիվանագետի։

Սթիվ Ջոբս (Apple–ի հիմնադիր) – «Նորարարի դիլեման»

Մի անգամ շրջանավարտների առջև ելույթի ժամանակ Ջոբսը հետաքրքիր միտք է արտահայտել. «Մնացեք սոված, մնացեք հիմար»։ Քլեյթոն Քրիստենսենի գիրքը հենց այն մասին, որ նորարարը մշտապես պետք է փնտրտուքի մեջ գտնվի։ Աշխարհի ամենահայտնի նորարարի` Սթիվ Ջոբսի, վրա մեծ ազդեցություն է թողել աշխարհը փոխող տեխնոլոգիաների մասին այս գիրքը։

Ջեք Դորսի (Twitter-ի հիմնադիր) – «The Checklist Manifesto»

Ինչպես և Թիմ Քուքը, Twitter-ի հիմնադիրը ավանդույթի համաձայն ընկերության նորեկներին նվիրում է իր սիրելի գիրքը, որը պատմում է` ինչպես խուսափել ճակատագրական հետևանքներով սխալներից։ Աթուլ Գավանդի գրքից հաճախ է հատվածներ ցիտում Դորսին, հատկապես հաջող ներդրումներ կատարելու արվեստի ու ճիշտ ընտրություն կատարելու վերաբերյալ հատվածներից։ Նույնիսկ ամենապրոֆեսիոնալները սխալվում են, այս գիրքը սովորեցնում է` ինչպես պլանավորել, կազմակերպել որևէ գործողություն և փոքրացնել սխալվելու հավանականությունը։

Ջեֆ Բեզոս (Amazon–ի հիմնադիր) – «Օրվա մնացորդը»

Աշխարհի 2–դ ամենահարուստ գործարարին` Ջեֆ Բեզոսին, ոգեշնչում է ոչ թե բիզնես, այլ գեղարվեստական գրականությունը։ Ճապոնացի գրող, նոբելյան մրցանակակիր Կադզուո Իսիգուրոյի «Օրվա մնացորդը» սիրավեպը նրա սիրելիներից  մեկն է: Այս գրքի նախընտրության մասին Ջեֆ Բեզոսը խոսել է հարցազրույցներից մեկի ժամանակ. «Երբ կարդաք «Օրվա մնացորդը», պարզապես չեք կարող չսուզվել ինքներդ ձեր մեջ և չմտածել»։

Ռիչարդ Բրենսոն (Virgin Group-ի հիմնադիր) – «Ես գիտեմ, թե ինչու է երգում վանդակում գտնվող թռչունը»

Virgin Group-ի հիմնադիր, ներդրող, միլիարդատեր  Ռիչարդ Բրենսոնը իր ընկերության կայքում հրապարակել էր իր սիրելի գրքերի ցանկը։ Ներկայացված 65 գրքերի շարքում են մանկական պատմվածքներից մինչև սիրավեպեր, որոնք տպավորել ու ոգեշնչել են նրան։ Սակայն ամենասիրելին Մայա Էնջելուի «Ես գիտեմ, թե ինչու է երգում վանդակում գտնվող թռչունը» գիրքն է, որը նաև Բիլ Քլինթոնի ֆավորիտներից է։

Մարկ Ցուկերբերգ (Facebook-ի հիմնադիր) – «Ռացիոնալ լավատեսը»

«Ռացիոնալ լավատեսը» գրքում լրագրող Մեթ Ռիդլին գրում է, որ շուկայական տնտեսությունը մարդկության առաջընթացի աղբյուրն է և մարդկության զարգացումը արագանում է այն ժամանակ, երբ բիզնեսին ընդլայնվելու հնարավորություն են տալիս։ Սա Մարկ Ցուկերբերգի կարդացած ամենատպավորիչ գրքերից մեկն է։