Շուտով ռոբոտները կկարողանան խնամել տարեց մարդկանց. Boston Dynamics-ի հիմնադիր

Աշխարհում ռոբոտների առաջատար մշակողներից մեկի՝ Միացյալ Նահանգների Boston Dynamics ընկերության հիմնադիր և ղեկավար Մարկ Ռեյբերթը պատմել է, որ արդեն մոտ ապագայում ռոբոտները կկարողանան մարդկանց փոխարինել զվարճանքների, անվտանգության ապահովման եւ արտակարգ իրավիճակներում օգնության ոլորտներում, իսկ այնուհետեւ տեսանելի ապագայում կկարողանան հոգ տանել տարեց մարդկանց և սահմանափակ հնարավորություններով մարդկանց մասին:

Այս կանխատեսումը նա հնչեցրել է հունիսի 12-ին՝ ելույթ ունենալով տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների CEBIT 2018 ցուցահանդես-տոնավաճառի շրջանակներում:«Ավելի վաղ ես հույս ունեի, որ ռոբոտները կկարողանան հոգ տանել իմ ծնողների մասին, երբ նրանք ծերանան: Բայց ավելի հավանական է, որ իմ երեխաները կօգտվեն ռոբոտների օգնությունից՝ հոգ տանելով իմ մասին, երբ ես ծերանամ»,- նշել է 68-ամյա Ռեյբերթը:

Boston Dynamics-ի նախագահը պատմել է, որ ընկերությունը պլանավորում է ոչ մեծ ռոբոտների զանգվածային արտադրություն սկսել հաջորդ տարի և կթողարկի շուրջ հազար ռոբոտ: 2018 թվականին Boston Dynamics-ը կթողարկի շուրջ 100 ռոբոտ, ճշտել է նա: Ռոբոտների արժեքը կհայտնեն ավելի ուշ:

CEBIT-ն ամեն տարի Հաննովերում անցկացվում է 1986 թվականից և աշխարհի ամենամեծ հարթակն է մարդու կյանքի տարբեր բնագավառներում նորագույն տեղեկատվական ու հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ներդրման ու ծրագրային ապահովման համար:

CEBIT-ի մասնակիցների թվում են ձեռնարկատերեր, տնտեսագետներ, համակարգչային մասնագետներ, քաղաքական գործիչներ, հրատարակիչներ:

Այս տարի ցուցահանդեսին մոտավորապես 2,8 հազար ցուցադրող է մասնակցում շուրջ 70 երկրից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: